Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունները՝ նախընտրական ծրագրերի կրթական բարեփոխումների մասին

Ապրիլ 03,2012 15:51

 

«Հանուն կրթության եւ գիտության» հ/կ-ն այսօր «կլոր սեղան» էր հրավիրել՝ քննարկելու ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրված կուսակցությունների ծրագրերն այդ ոլորտում: Քննարկումը կազմակերպվել էր «Քվեարկիր հանուն մատչելի եւ որակյալ կրթության» ծրագրի շրջանակում: «Հանուն կրթության եւ գիտության» հ/կ նախագահ Մերի Ալեքսանյանը նշեց, որ ակտիվ համագործակցություն է տարվում ուսանողների հետ՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով կրթական ոլորտի խնդիրները վերծանելու համար. «Առկա է եվրոպական կրթական չափանիշներին համապատասխանող դասախոսների վերապատրաստման եւ կրթական նոր ծրագրերի մշակման խնդիր: Դրանց վերաբերյալ փաթեթը ներկայացնելու ենք առաջադրված եւ նորընտիր խորհրդարանի կուսակցություններին»:

Հանդիպման ընթացքում կուսակցությունների ներկայացուցիչները խոսեցին նախընտրական ծրագրերում ներառված կրթության ոլորտի բարեփոխումներից:

«Միավորված հայեր» կուսակցության ներկայացուցիչ Հրաչյա Հակոբջանյանը նշեց, որ կուսակցությունը կարեւորում է երիտասարդների բազմակողմանի զարգացումը եւ տնտեսության ոլորտում գիտության ներդրումը. «Ուսանողները պետք է տեղում կրթվեն, ոչ թե հասնեն մայրաքաղաք: Բացի այդ, կարեւորվում է անապահով խավի ուսանողների կրթության հարցը: Պետք է ստեղծել հարկային եւ կրթական այնպիսի դաշտեր, որոնք կնպաստեն բարձրագույն կրթության զարգացմանը»:

ՀՅԴ-ն արդեն իսկ ունի վավերացված օրինագիծ, որը վերաբերում է սահմանամերձ եւ բարձր գոտիներում բնակվող ուսանողների անվճար կրթությանը՝ բնակավայր վերադառնալու պայմանով: Կուսակցության ներկայացուցիչ Ռուզաննա Առաքելյանը նշեց, որ առաջիկայում քննարկման է դրվելու եւս երկու նախագիծ. «Ըստ առաջինի, պետք է ավելացնել մարզերում աշխատող մանկավարժների աշխատավարձը: Երկրորդ նախագիծը վերաբերում է այն մանկավարժներին, ովքեր ցանկություն կհայտնեն աշխատել մարզերում: Նրանց կհատկացվեն բնակարաններ եւ հավելյալ աշխատավարձ»:

«Ժառանգությունն» արդեն 5 տարի է, ինչ ԱԺ-ում արծարծում է կրթության ապաքաղաքականացման խնդիրը: «Օրենքն ասում է, որ կրթությունը պետք է լինի ապաքաղաքականացված, բայց ոլորտի բարձր պաշտոնները զբաղեցնում են կուսակցությունների անդամները: Հետեւաբար, օրենքը չի գործում»,- ասաց Անահիտ Բախշյանը եւ հավելեց, որ «Ժառանգությունն» ուշադրություն է դարձնում բանակի ու բուհերի միջեւ համագործակցությանը: «Առաջարկում ենք բուհերում վերականգնել զինվորական ամբիոնները: Սպաները բուհերում էլ պետք է պատրաստվեն»,-ասաց Ա. Բախշյանը:

ՀԱԿ-ը շեշտը դնում է բուհերի միջեւ մրցակցության բարձրացման խնդրին: «Անցյալ տարի շուրջ 7 բուհի ռեկտորի ընտրություններ անցկացվեցին եւ որեւէ տեղ մրցակցություն չեղավ: Դա վկայում է այն մասին, որ բուհերում ընտրությունները նախապես պլանավորվում են»,- ասաց ՀԱԿ անդամ Սամվել Կարաբեկյանը:

Իսկ ՀՀԿ կրթական ծրագիրն ուղղված է Եվրոպական կրթական համակարգի ինտեգրմանը, կրթության որակի եւ մատչելիության բարձրացմանը: «Առաջարկելու ենք բարձրացնել կրթության ֆինանսավորումը, որպեսզի բարձրագույն կրթությունը հասանելի լինի յուրաքանչյուր անհատի: Նախատեսվում է նաեւ կրթաթոշակների եւ սոցիալապես խոցելի խմբերի նպաստների ավելացում»,- նշեց ՀՀԿ եւ ԿԳՆ ներկայացուցիչ Ռոբերտ Սուքիասյանը:

ԲՀԿ անդամ Գեւորգ Մանուկյանը կարեւորեց պարբերաբար կազմակերպվող հանդիպումների արդյունքում ուսանողների եւ երիտասարդ գիտնականների հետ համագործակցությունը. «Առաջարկում ենք գիտության ֆինանսավորման ավելացում համախառն ներքին արդյունքի 3 տոկոսի չափով: Բացի այդ ՝ լաբորատոր եւ գիտական սարքավորումների վրայից պետք է հանել մաքսավճարը՝ նոր գիռտահետազոտական աշխատանքների զարգացման համար»:

Նշենք, որ «Հանուն կրթության եւ գիտության» հ/կ-ի կողմից անցկացրած հարցումների ընթացքում ուսանողների եւ դասախոսների արծարծած հիմնական խնդիրները վերաբերում են բուհական դասագրքերի նյութերի արդիականացմանը, կրթաթոշակների բարձրացմանը, ուսման վարձերի կրճատմանը, պետպատվերով տեղերի ավելացմանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30