Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է, որ Մաշտոցի այգում կրպակների դեմ պայքարող երիտասարդ ակտիվիստները պայքարում են մեծ փողերի դեմ: Եվ դրանով է բացատրում ակտիվիստների պայքարի տեսանելի արդյունքների բացակայությունը: Նա դժվարացավ փողատեր-կրպակատերերի անուններ տալուց ու հիշեցրեց, որ մամուլում անունները ժամանակ առ ժամանակ շրջանառվում են: Նա կարծում է, որ ակտիվիստների՝ ապամոնտաժման համար ոստիկաններին տված վերջնաժամկետի շնորհիվ նույն փողատեր- կրպակատերերր կհասկանան, որ շատ վատ գործ են անում. «Վատ բան են արել այն ժամանակ, երբ կառուցապատել էին Աբովյան փողոցը ու այդ տարիների ընթացքում հսկայական գումարներ արդեն հավաքել են ու պետք չէ թիրախ դառնալ քաղաքում այսպիսի սարսափելի իրավիճակին: Բարի կամք պետք է դրսեւորեն ու հետ կանգնեն»:
Տիկին Դանիելյանի խոսքերով, ակտիվիստները ճիշտ են վարվել քաղաքապետարանին ժամանակ տալով. «Ոստիկանության հետ բանակցեցին, հասկացան որտեղից մտնեն: Չեմ ուզում կոնֆլիկտ լինի… Ամոթ է, որ մեր ներուժը ծախսում ենք այսպիսի կոնֆլիկտների վրա, դրսում այնքան խնդիրներ ունենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ