Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նախագահը վիրավորանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Ապրիլ 03,2012 15:10

Այսօր Բաքվում մեկնարկած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին ուղերձով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում վերջինիս ելույթը որակեց «կոռեկտության, չափի եւ էթիկայի բոլոր սահմաններն անցած ելույթ»: Ըստ տիկին Զոհրաբյանի, իր ելույթի մի զգալի մասը Ադրբեջանի նախագահը «նվիրել» է ղարաբաղյան հիմնախնդրին: «Բացի իրենց մշտական քարոզչական «լոլոներից»՝ 20 տոկոս գրավյալ տարածքներ, մեկ միլիոն փախստական, Ալիեւն ուղղակիորեն վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Հայաստանի հասցեին՝ Հայաստանին մեղադրելով քսենոֆոբիայի, ադրբեջանցիների գերեզմանները պղծելու մեջ եւ բավականին այլ ոչ կոռեկտ ձեւակերպումներ թույլ տվեց իրեն»,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Հայկական կողմը, բնականաբար, անարձագանք չի թողել հնչեցված գնահատականները: Քանի որ նիստի առաջին հատվածը պաշտոնական է եղել, եւ մեր ներկայացուցիչներն, ըստ էության, պատասխանելու հնարավորություն չեն ունեցել, հետեւաբար, այժմ ընթացող նիստում հայկական կողմը «Եվրանեսթի» պատվիրակներին, ղեկավար մարմնին բաժանել է բաց նամակ, որին կցված է նախկինում մեր պատվիրակների կողմից «Եվրանեսթի» ղեկավարությանն ուղղված այն փաստաթուղթը, որում անհամաձայնություն է հայտնվում Բաքվում խորհրդարանական վեհաժողովը՝ նման կարեւորագույն ֆորումը, անցկացնելու մասին որոշման հետ եւ բերվում են հիմնավորումներ: Նամակում, նաեւ արդեն Ալիեւի ելույթից ելնելով, փաստվում են նախկինի մտահոգությունները: Հայկական պատվիրակները նաեւ կոչ են անում «Եվրանեսթի» ղեկավարությանն, այսուհետեւ վեհաժողովի եւ լիագումար նիստերի, եւ հանձնաժողովների գործունեության վայրն ընտրելիս ավելի մտածված որոշումներ կայացնել՝ նման իրավիճակներից խուսափելու համար, նաեւ կոչ է արվում ելույթի հնարավորություն չտալ այն անձանց ու գործիչներին՝ անկախ զբաղեցրած դիրքից, որոնք օգտագործում են նման ամբիոնները քսենոֆոբիայի եւ մարդատյացության կոչեր անելու համար: Հայաստանի պատվիրակության անդամները նաեւ իրենց բանավոր ելույթների ընթացքում կանդրադառնան Ադրբեջանի նախագահի ելույթին:

Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ելույթը շատ վատ տպավորություն է թողել նաեւ Եվրապառլամենտի պատգամավորների վրա. նրանք մեր պատվիրակներին մոտեցել եւ ասել են, որ իրենց համար նման ելույթը, նման հռետորաբանությունը, որակումները անընդունելի են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30