«Բարեգործությամբ, որը դիտվում է որպես ընտրակաշառք, ընտրարշավի այս փուլում զբաղվում են ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ կուսակցությունները»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց «Ընտրությունը քոնն է» հ/կ-ի նախագահ Հարություն Համբարձումյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ իրենց կազմակերպությունը այսպիսի պատկեր ունենալով հանդերձ՝ չի դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ իրավապահ մարմինների: Պարոն Համբարձումյանը պատասխանեց. «Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված է, որ բարեգործությունը ընտրակաշառք չի դիտարկվում, եթե այն տեղի չի ունենում ընտրությունների կամ դրան հաջորդող օրը»: Նա տեղեկացրեց, որ իրենք հանդես են եկել առաջարկությամբ՝ հստակություն մտցնել այս կետով սահմանված ժամկետների մեջ, սակայն դրական արձագանք չեն ստացել:
«Ընտրությունը քոնն է» հ/կ-ի նախագահը խոսեց նաև այն երևույթի մասին, երբ մարդիկ վաճառում են իրենց ձայնը: Դիտորդների կարճաժամկետ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է հետևյալ պատկերը, որը հրապարակեց Հ. Համբարձումյանը. «Այն, որ մարդիկ պատրաստ են 5000 դրամի համար իրենց ձայնը վաճառել, բխում է սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից: Այսպիսի երևույթները մեծ քաղաքներում ավելի փոքր տոկոս են կազմում, քան այն համայնքներում, որտեղ ծանր է բնակչության սոցիալական վիճակը»:
Մեկ այլ արատավոր երևույթ է արձանագրվել ցուցակների կազմման գործընթացում: Հ. Համբարձումյանը նշեց. «Շիրակից, Երևանից, Լոռու մարզից ունենք տվյալներ, որ ցուցակներում ընդգրկված են մեռած հոգիներ: Կամ կան ահազանգեր, որ շենքում շուրջ 500 բնակիչ հաշվառված չէ, սակայն պետք է մասնակցեն ընտրություններին և հասկանալի չէ, թե որ ընտրատեղամասում են ընտրություն կատարելու»: Կազմակերպությունը ահազանգեր է ստանում նաև բնակիչների կողմից: Օրինակ՝ դրանցից մեկի համաձայն՝ իրենց տուն են զանգել, առաջարկել մատչելի գնով փոշեկուլ, հետո էլ հեռվից գալով փորձել են ճշտել, թե որ կուսակցությանն են ձայն տալու:
Հ. Համբարձումյանը հայտարարեց, որ իրենց կազմակերպությունը համապատասխան տեղեկություններ ունենալու դեպքում կդիմի իրավապահ մարմիններին, երբ արդեն ստացած կլինեն դիտորդների ամբողջական ուսումնասիրությունների արդյունքները:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ