Այսօր Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանը Վարչական դատարան հայցադիմումներ է ուղարկել, որ անվավեր ճանաչեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրանցումն այն հիմնավորմամբ, թե այն կուսակցություն չէ` բարեգործական կազմակերպություն է: Մեր զրույցում Ռուբեն Թորոսյանը պնդեց, որ անգամ ԲՀԿ-ի կայքում կուսակցության որեւէ գործունեության մասին խոսք չկա. «ԿԸՀ–ն հաշվի չի առել այն փաստը, որ ԲՀԿ–ն ըստ էության բարեգործական կազմակերպություն է, այն էլ` ամենահզորը Հայաստանում: Պետռեգիստրում կուսակցության անվան տակ հանդես եկող այդ կազմակերպության գրանցմամբ պետությունը խիստ անհավասար պայմաններ է ստեղծում ԱԺ ընտրություններում` խախտելով ԸՕ 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: ԿԸՀ–ն որեւէ միջոց չձեռնարկելով պետական մարմինների կողմից օրենքի պահանջների կատարման ուղղությամբ, այսինքն՝ ոչ մի միջոց չեն ձեռնարկել, որ բարեգործությամբ չզբաղվի, խախտել են նաեւ ԸՕ 110 հոդվածի 1.1 կետի պահանջները, այսինքն` գրանցել են այդ կազմակերպությանը` որպես կուսակցություն»:
Մեր հարցին` ձեր կարծիքով՝ ձեր այդ դիմումի հիման վրա ԲՀԿ-ին պիտի հանե՞ն ընտրապայքարից` Ռուբեն Թորոսյանը պատասխանեց. «Ինչի՞ եք նման հարց տալիս, հա լավ, ի՞նչ անենք, ոչխարի նման գլուխներս դնե՞նք: Եթե ասեինք, այո, հենց ԲՀԿ–ին կհանեն ընտրապայքարից, մենք մեզ արդեն էշի տեղ կդնեինք, չնայած, որ սա բավականին լուրջ հարց է, անհավասար ստարտային պայմաններ են ստեղծվում»: Մեր դիտարկմանը` այսինքն զուտ հիշեցնո՞ւմ եք, որ նման բան կա օրենքում` պարոն Թորոսյանը պատասխանեց. «Ոչ մեկն իր գործունեությամբ չի զբաղվում: Հիմա թե սրան ուշադրություն կդարձնեն, չեն դարձնի` մե՞զ ինչ, մենք աշխատում ենք մեր խղճի, հասարակության համար, ոնց որ դուք: ԿԸՀ–ն ձեւական որոշում է ընդունում: Ինչպե՞ս կարող է մի հատ ինչ–որ խեղճուկրակ կուսակցություն գնա մասնակցի այս հզոր բարեգործական կազմակերպության հետ, չէ՞ որ օրենք ունենք, օրենքն ասում է` չի կարելի»:
Ըստ Ռուբեն Թորոսյանի, «երբ խոսքը Սուքիասյանին է վերաբերում, իբր օրենք են հիշում ու օրենք են կիրառում, եւ հարցը միայն Սուքիասյանը չի: Թող Խոսրով Հարությունյանի եւ Բաբուխանյանի հարցն էլ նայեն: Ինչո՞ւ ձեւական վերցրեցին «Օրինաց երկրից» ստից թվերի համար, որ ցույց տան ժողովրդին, որ ժողովրդավարություն կա, տեսեք հանում են, ձեւական: Հիմա նախադեպը կա` մենք էլ ենք անում: Բա պիտի ձեռքներս ծալած նստե՞նք, էն ալկոհոլիկ դիտորդները որ կան է, մենք դրանց էլ ենք հսկում, ի՞նչ է պետք է մենք սենց հանգիստ նստենք ու թույլ տանք որ բան լինե՞ն»:
Մեր հարցին` եթե դիտորդների նկատմամբ այդքան վստահություն չկա, ալկոհոլիկ ասացիք, այդ դեպքում ինչո՞ւ էր ՀԱԿ-ը այդքան պահանջում, որ անպայման 2000 դիտորդ լիներ` ՀԱԿ անդամ Ռուբեն Թորոսյանը պատասխանեց. «Ես շա՞տ գիտեմ, ինչի էր պահանջում: Այսօրվա դրությամբ ամեն ինչ յուղած է, ընտրություններն արդեն ավարտվել են, ամեն ինչ պատրաստված է, էս մարդիկ կեսին կաշառել են, կեսին կոլեկտիվ անդամագրել են: Դուք պատկերացնում եք կոլեկտիվ անդամագրումը, այն ոչխարական բանը: Մարդը գլուխը կախ գնում է, որ իրեն կոլեկտիվ անդամագրեն, դուք հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է»:
Կարդացեք նաև
Ի դեպ, Ռուբեն Թորոսյանը ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված չէ: Նա վստահեցրեց, որ պատճառը միայն այն է, որ ինքը որպես դիտորդ է մասնակցելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ