Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վազգեն Բադալյան. «Վախթանգը կարող է հաղթել, եթե ռինգում իրեն ճիշտ պահի»

Ապրիլ 03,2012 13:28

Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ապրիլի 6-ին Տոկիոյում չեմպիոնական գոտու համար հանդիպելու է 53,525 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն՝ ճապոնացի Շինսուկե Յամանակայի հետ, որն այդ տիտղոսը կրում է անցած տարվա նոյեմբերից:

Վախթանգ Դարչինյանի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանն «Առավոտի» հետ զրույցում երեկ տեղեկացրեց, որ իր սանը մարտի 29-ին արդեն մեկնել է Ճապոնիա եւ Ավստրալիայում սկսած նախապատրաստության վերջին փուլն անցկացնում է այնտեղ:

– Այս անգամ է՞լ նրա կողքին չեք լինելու:

– Ոչ, որովհետեւ պատճառները մի քանիսն են: Թերեւս, գլխավորն այն է, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն չկա եւ վիզա ստանալու համար պետք է մի քանի ամիս պարբերաբար Մոսկվա թռչեի: Սակայն ծառայությունս այդ հնարավորությունը չի տալիս:

– Տեղյա՞կ եք, թե ինչ մարզավիճակում է Վիկը:

– Մի քանի անգամ հեռախոսով հետը զրուցել եմ: Նախորդ մարտին ստացած պարանոցի վնասվածքը հիմնականում բուժել է, ավելի վաղ ունեցած հարվածող՝ ձախ ձեռքի ցավն էլ, կարծես, այնքան չի անհանգստացնում: Որքան տեղյակ եմ, մարզավիճակը վատ չէ: Մնում է, որ մարզումների վերջին փուլն էլ ճիշտ անցկացնի:

– Մրցակցի մասին ի՞նչ է հայտնի:

– Յամանական նույնպես ձախլիկ է, ռինգում խաղացող բարձրահասակ բռնցքամարտիկ: Բայց, ի տարբերություն Վախթանգի, նրա գլխավոր զենքը հակագրոհներն են եւ այդ ժամանակ հասցվող հարվածները: Ռինգում խաղացող՝ ոտքերի վրա լավ աշխատող, բռնցքամարտիկներն առանձնանում են լավ տեխնիկայով, որոնց հաղթելը հեշտ չէ:

– Այսինքն՝ Վախթանգն ի՞նչ պետք  է անի ռինգում:

– Նախամրցակցական ռեժիմ պահի, որը շատ կարեւոր է, եւ ճիշտ մարտավարություն ընտրի: Նա, չնայած արդեն 36 տարեկան է, ֆիզիկականի հետ կապված խնդիր չունի՝ կարող է տեւական մենամարտ անցկացնել: Դե, Վիկի հարվածների ուժգնության մասին բոլորը գիտեն: Անգամ՝ մարզումային մարտերի ժամանակ երեք քաշային կարգ բարձր բռնցքամարտիկները: Մնում է, որ չշտապի կամ հույսը դնի տապալող մեկ հարվածի վրա: Պետք է աշխատի կրկնակի եւ կեղծ գրոհներով անակնկալի բերել մրցակցին: Այսինքն՝ սկզբում ցույց տա, որ գրոհում է, որից խուսափելու համար մրցակիցը կբացվի կամ անհարմար դիքում կհայտնվի եւ այդ ժամանակ անմիջապես ձեռնարկի իսկական գրոհը՝ գործի դնելով երկու ձեռքերն էլ:

– Այսինքն՝ Վախթանգի առավելությունները նկատելի են եւ երրորդ քաշային կարգում չեմպիոնական գոտի նվաճելու հնարավորությունները մե՞ծ:

– Այո: Նա վստահ է իր ուժերին ու, որ նույնպես շատ կարեւոր է, մարտական ոգին տեղն է: Վիկի համար կարեւոր չէ, թե որտեղ է մենամարտում՝ մրցակցի՞ երկրում, թե՞ չեզոք: Նա մեկ անգամ չէ, որ դա ապացուցել է: Հուսանք, որ Տոկիոյում հարազատ պատերը Յամանակային չեն օգնի:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30