Լրահոս
Օրվա լրահոսը

4,5 տարի՝ կենսաթոշակառուների գումարները յուրացնելու համար

Ապրիլ 03,2012 13:10

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել շարունակաբար, միասնական դիտավորությամբ կենսաթոշակառուների գումարները յուրացնելու, առեւտրային կաշառք ստանալու եւ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու մեջ մեղադրվող վանաձորցի Շողիկ Վարդումյանին (լուսանկարում):

Դատարանը վանաձորցի կնոջը, սակայն, անմեղ է ճանաչել պաշտոնական փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու մեղադրանքում, առեւտրային կաշառք ստանալու համար էլ դատապարտել է մեկ տարվա ազատազրկման եւ, կիրառելով համաներման ակտը, նրան ազատել է պատժի կրումից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 47-ամյա Շողիկ Վարդումյանը, աշխատելով «Հայփոստ» ՓԲ ընկերության Վանաձորի փոստային բաժանմունքի պետի պաշտոնում, շարունակաբար, միասնական դիտավորությամբ, 2007թ. հոկտեմբերից մինչեւ 2010թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել է կենսաթոշակառուների առանձնապես խոշոր չափերով՝ 3. 739. 291 ՀՀ դրամ կենսաթոշակային գումարները:

Շողիկ Վարդումյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանն ասում է. «Յուրացման մասին որեւէ խոսք լինել չի կարող: Յուրացումը կատարվում է ուղղակի դիտավորությամբ, երբ մարդը տնօրինության ու տիրապետության տակ գտնվող գույքը յուրացնում է շահադիտական նպատակով, օտարում է որեւէ կերպ մյուսից ու չի ցանկանում վերադարձնել, նպատակ էլ չունի վերադարձնելու: Ամբողջ դատաքննության ընթացքում նույնիսկ տուժողները չկարողացան թաքցնել այն փաստը, որ իրենք են խնդրել իրենց գումարները պահել: Իմ պաշտպանյալն էլ երբեք չի հրաժարվել այդ գումարները վերադարձնելուց»:

Ավելին, Շողիկ Վարդումյանն ինքը նախաքննական մարմնին ներկայացրել է այնպիսի տեղեկություններ, որոնք մինչ այդ հայտնի չեն եղել, մասնավորապես՝ այն թոշակառուների անուն-ազգանունները, որոնցից ինքը գումարներ է վերցրել:

«Ոչ մի ապացույց չկա, որ նա այդ թոշակները օրինական հիմքերով չէ իր տիրապետության տակ առել, որ նա այդ թոշակները վերադարձնելու մտադրություն չի ունեցել»:

Պաշտպանը պնդում է, որ դատարանի կայացրած վճռը պատճառաբանված չէ, նրանում բացակայում են շարունակաբար, միասնական դիտավորությամբ կենսաթոշակառուների գումարները յուրացնելու մեղավորության իրավական վերլուծությունները:

«Միասնական դիտավորության մասին գոնե մեկ ապացույց չկա: Հանցագործություն կատարելու շարժառիթը բացակայում է»,- ասում է Հարությունյանը:

Ըստ նրա՝ սա ընդամենը «սարքովի գործ» է, որ նախաքննությունը միակողմանի է ընթացել, խախտումներով: Նախաքննական մարմինն էլ քրեական գործ է հարուցել նաեւ այս գործում ներգրավված տուժողներից 5-6-ի լիազորագրերով, ովքեր երբեւէ չեն հարցաքննվել ո՛չ նախաքննության, ո՛չ դատաքննության ընթացքում:

«Անձին ապօրինի մեղադրանք են առաջադրում՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների համար: Որ այդպես լինի, ամբողջ Հայաստանը կդատվի: Մարդը բանկից փող է վերցնում, չի կարողանում տալ, եղավ յուրացո՞ւմ»,- կասկած է հայտնում պաշտպան Հարությունյանը:

Համաձայն կայացված դատավճռի՝ բացի ազատազրկումը, Շողիկ Վարդումյանից հօգուտ կենսաթոշակառուների պիտի բռնագանձվի ընդհանուր առմամբ 3. 739. 291 ՀՀ դրամ:

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30