Լրահոս
Օրվա լրահոսը

Զոքանչին «մորթել ցանկացող» փեսային արդարացրին

Ապրիլ 03,2012 13:07

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, խուլիգանության մեջ մեղադրվող վանաձորցի Մուշեղ Կիրակոսյանի նկատմամբ կայացրել է արդարացման դատավճիռ:

Ըստ գործի նյութերի՝ Մուշեղ Կիրակոսյանը, գտնվելով անբարյացակամ հարաբերությունների մեջ իր նախկին կնոջ ընտանիքի անդամների հետ եւ իմանալով, որ որդին գտնվում է Վանաձոր քաղաքում գտնվող իր հայրական տանը եւ այդտեղ խնջույքի է հրավիրել տատիկին, պապիկին եւ մորաքրոջը, վերջիններիս խնջույքն ու հանգիստը խանգարելու նպատակով, ալկոհոլային հարբածության վիճակում, 2011 թվականի օգոստոսի 1-ին, ժամը 17:30-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, գնացել է հիշյալ տուն եւ սեռական բնույթի հայհոյանքներ տալով՝ որդուց պահանջել է տան բակից դուրս հրավիրել նախկին կնոջ մորը՝ Հասմիկ Հարությունյանին, հորը՝ Գառնիկ Վիրաբյանին եւ քրոջը՝ Նելլի Վիրաբյանին: Մերժում ստանալով՝ փողոցի կողմից սկսել է ոտքով հարվածել բակի մուտքի դռանը, շուրջ երեսուն րոպե տեւողությամբ շարունակել է հայհոյանքները, իսկ Հասմիկ Հարությունյանի ու նրա ընտանիքի անդամների փողոց դուրս գալուց հետո, բռնություն է գործադրել, քաշքշել է Հասմիկ Հարությունյանի ամուսնուն՝ Գառնիկ Վիրաբյանին, ապա գետնից վերցրել է որպես զենք օգտագործվող առարկա քար եւ շպրտել Հասմիկ Հարությունյանի ուղղությամբ: Հետո գրպանից հանել է իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործվող դանակը եւ ցուցադրաբար սպառնացել Հասմիկ Հարությունյանին, որ կմորթի, սակայն Արամ Կիրակոսյանի եւ Գառնիկ Վիրաբյանի միջամտությամբ նա իր մոտ գտնվող դանակով Հասմիկ Հարությունյանին կամ այլ անձի վնաս չի կարողացել հասցնել:

Մուշեղ Կիրակոսյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանն ասում է, որ թե նախաքննության, թե դատաքննության փուլում ձեռք բերված ապացույցները բավարար չէին իր պաշտպանյալին մեղավոր ճանաչելու եւ դատապարտելու համար:

«Սովորական կենցաղային վիճաբանություն է եղել, բացի այդ՝ հրապարակային բնույթ չէր կրել: Դատաքննությամբ էլ ապացուցվեց, որ իմ պաշտպանյալը դանակ չի կիրառել, քարի գործադրման մասին էլ, բացի իրարամերժ ցուցմունքներից, որեւէ տեղեկություն չկա: Ուղղակի ցանկացել են սարքել գլխին»,- ասում է պաշտպանը:

Նրա կարծիքով, դատարանի նման վճիռ կայացնելը կարող է նախադեպային դառնալ խուլիգանություն որակվող արարքների դեպքում:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30