Լրահոս
Օրվա լրահոսը

«Քնից արթնացող ցանկացած մարդ, ով փողատեր է, չպիտի դառնա պատգամավոր»

Ապրիլ 03,2012 13:00

Այս կարծիքին է Գյումրիում ՀՀԿ-ի հիմնադիրներից մեկը՝ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովը:

Իսկ դրա համար, ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, անհրաժեշտ է մշակել հատուկ կարգ, հաշվի առնել մարդու ինտելեկտուալ կարողությունները, կրթական ցենզը եւ առողջական վիճակը, որպեսզի ամեն պատահածի չգրանցեն որպես պատգամավորության թեկնածու, այսքան քննադատություններ էլ չհնչեն առ այն, որ օլիգարխներն ու գործարարները գրոհել են խորհրդարանը: «Ես երբեւիցե հիացած չեմ եղել էսօրվա գործող Ազգային ժողովով, իրոք կան մարդիկ, որոնք ընդամենը լավ մարդ լինելով՝ շատ վատ պատգամավորներ են, բայց, չգիտեմ ինչու, մեզ մոտ տպավորված է այն սկզբունքը, որ եթե մարդը գործարար է, ունեւոր մարդ է, կամ ինչպես մենք ենք ասում՝ օլիգարխ է, նա վատ մարդ է: Չի կարելի մարդկանց էսպես ներկայացնել, թշնամացնել, պարզապես մարդը ինքը պիտի հասկանա, որ լինելով մեծահարուստ ու գործարար՝ արդյո՞ք ինքը կարող է լուրջ աշխատանք կատարել Ազգային ժողովում, իր արժանապատվությունն ինքը պիտի գնահատի, էսօր օրենքը չի կարող որեւէ մեկին արգելել, որ նա մեծամասնական ձեւով որեւէ մի տարածքում չգրանցվի որպես պատգամավորության թեկնածու»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Բորիս Ալեքսանովը: Մեր զրուցակիցը այն կարծիքին է, որ պիտի օրենք մշակվի, այլապես ստացվում է, որ բուհ ընդունվող երիտասարդներից ավելի շատ փաստաթղթեր ու չափանիշներ են պահանջում, քան պատգամավորի թեկնածուից:

«Երբ որ երիտասարդը դիմում է տալիս բուհ ընդունվելու համար, որոշակի չափանիշներ է պահանջվում՝ սկսած բժշկական տեղեկանքներից, վերջացրած գիտելիքներով, վերջապես գիտելիքների արդյունքում է նա ընդունվում եւ դառնում ուսանող: Մինչդեռ մեզ մոտ օրենքը ցանկացած մարդու՝ անկախ իր գիտելիքներից, կրթությունից, անկախ անցյալից, թույլ է տալիս, որ գրանցվի որպես պատգամավորության թեկնածու: Այ, մենք էստեղից պետք է սկսենք, տեսեք՝ փաստորեն ուսանող դառնալու համար ավելի լուրջ ճանապարհ պետք է անցնես, քան պատգամավոր դառնալու համար: Մենք պետք է կարողանանք այս հարցի լուծումը գտնել: Ուղղակի բախտը միանգամից բերել է, դարձել է մեծահարուստ, ամեն ինչ ունի, մենակ պատգամավորական մանդատը չունի, եւ նա ցանկանում է նաեւ դա ունենալ: Անպայման պիտի այս ինստիտուտը մշակվի՝ ո՞վ կարող է գրանցվել պատգամավորության թեկնածու եւ ով՝ ոչ»,- ասում է Բորիս Ալեքսանովը: Ըստ նրա, վարորդական իրավունք հանելու համար պարտադիր կարգով առողջական տեղեկանք էինք ներկայացնում հոգեկան վիճակի, տեսողության մասին, հետեւաբար եւ պատգամավորի մանդատն էլ այդքան էժանագին չպիտի լինի, որ ցանկացած մարդ գա, գրանցվի, հետագայում էլ՝ ընտրվելով ու պատճառ բռնելով իր առողջական վիճակը, նիստերից բացակայի:

«Իհարկե, երբ գա ժամանակը ու հասկանան, որ պատգամավորը պատասխանատվություն է, չես կարող պատասխանատվությունից խուսափել, եթե այս մտածելակերպը վերացավ, հատկապես գործարարների մոտ, ստիպես էլ՝ չեն մտնի Ազգային ժողով: Բայց ասեմ, որ մենք հնուց ենք ժառանգել այս մտածելակերպը, այս հիմքերը դրվել են այսօրվա ամպագոռգոռ ՀԱԿ-ից, արմատախիլ անելը շատ դժվար է, դա պիտի լինի աստիճանաբար, բայց վստահ եմ, որ մենք ականատեսը կլինենք միասին»,- համոզված է պարոն Ալեքսանովը: Մենք նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե սերնդափոխությունից խոսող Հանրապետականն ինչո՞ւ այդքան հին ու նույն մարդկանց նորից ցուցակ բերեց, եւ ո՞ւր է ՀՀԿ-ի մատնանշած սերնդափոխությունը:

Ըստ պարոն Ալեքսանովի. «Գիտեք, ես երեւի տեղին չանեմ համեմատությունը, բայց այսպիսի մի դեպք հիշեցի, երբ 1973 թվականին Արարատ թիմը բավականին լուրջ հաջողություն ունեցավ ֆուտբոլի ոլորտում, հետագայում նա կամաց-կամաց իր դիրքերը զիջեց, եւ պատճառը եղավ այն, որ սերնդափոխությունը միանգամից կատարվեց, սերնդափոխությունն ընդհանրապես պետք է համամասնորեն, աստիճանաբար կատարվի, միանգամից փորձ ունեցող, տարեց մարդկանց մի կողմ դնել եւ ամբողջությամբ երիտասարդացնել Ազգային ժողովը, դա լուրջ վտանգի առջեւ կկանգնեցնի մեզ: Իհարկե բավականին նոր ու երիտասարդ մարդիկ ընդգրկվել են մեր համամասնական ցուցակում, որոնք աշխատելով բավականին լուրջ փորձ ունեցող մարդկանց հետ՝ կկայանան որպես ԱԺ պատգամավորներ»: Ի դեպ, մեր զրուցակցի համոզմամբ, Հանրապետական կոսակցությունը ինչ ցուցակ էլ ներկայացներ, եթե անգամ այն լիներ իդեալական տարբերակով, միեւնույն է՝ կքննադատեին, քանի որ կան մարդիկ, որոնք ոչ մի ասելիք չունենալով՝ զբաղված են հենց քննադատելու գործով:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30