Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ն իշխանափոխություն չի ուզում, ժողովրդի քաղաքական էմոցիան է գողանում» (տեսանյութ)

Ապրիլ 03,2012 12:48

«Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը կոչ է անում ՀԱԿ-ին՝ կուսակցական ամբիցիաներից վեր կանգնել

«Նրանք, ովքեր ասում են իշխանափոխության մասին, բայց չեն գիտակցում, որ իշխանափոխություն ասել՝ նշանակում է համագործակցություն մեծամասնական թեկնածուների հարցում եւ ընդդիմադիր ուժերով մտնելով խորհրդարան՝ ուրեմն թույլ տվեք մի քիչ կասկածել ու ասել, որ ավելի շատ իշխանափոխություն ասվում է՝ այս ծանր վիճակում ժողովրդի քաղաքական էմոցիան գողանալու համար: Կոպիտ է, բայց դա է իրականությունը, որովհետեւ եթե չկա համագործակցություն իշխանափոխության համար, ուրեմն թույլ տվեք կասկածել, որ իսկապես մարդիկ պատրաստ են քայլեր անել՝ ռեալ իշխանափոխության համար»,- «Առավոտի» հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն այսպես մեկնաբանեց ՀԱԿ-ի պահվածքը՝ իրենց հետ բանակցություններից հետո:

Այն, որ ՀԱԿ-ը իշխանությունների հետ համագործակցում է, միասին որոշում են, թե ով՝ որ ընտրատարածքում մնա, ում սատարի եւ այլն՝ Ռուբեն Հակոբյանը տեղեկացել է նաեւ իր ներքին աղբյուրներից, որոնք չցանկացավ հրապարակել: Ինչ վերաբերում է «Ժառանգության» հետ բանակցությունների մասին ՀԱԿ-ի հայտարարություններին՝ նա վստահեցնում է որ,  Լեւոն Զուրաբյանին պարզ հայերենով մի քանի անգամ շեշտել են՝  «Անկախ այն բանից, թե ինչ շարունակություն կունենան մեր բանակցությունները, Րաֆֆի Հովհաննիսյանն առանց նախապայմանների հանելու է իր թեկնածությունը 7-րդ ընտրատարածքից, ինչը եւ արեց: Մենք առաջարկեցինք հանրապետության մասշտաբով 20 ընտրատարածքում իրենց պաշտպանել, դրա փոխարեն՝ Երեւանի 5 ընտրատարածքում մեզ պաշտպանել, իրենք մերժեցին մեր առաջարկը եւ շատ տրամաբանական էր, որ իրենք պետք է իրենց առաջարկությունն անեին, որը կարող է եւ ավելի խելամիտ էր: Բայց երբ ոչինչ չառաջարկեցին՝ հասկացանք, որ իրենք պատրաստ չեն միասնական ուժերով պայքարել եւ 1 միասնական թեկնածու ունենալ: Իսկ երբ իմացանք, որ նույն օրերին համագործակցության մասին բանակցություններ են ընթացել ՀԱԿ-ի ներկայացուցչի եւ Հանրապետական կուսակցության ներկայացուցչի՝ Մհեր Սեդրակյանի միջեւ, այսպես ասած՝ ընտրատարածքները բաժանել են, որ ՀԱԿ-ը պաշտպանում է ըստ էության ՀՀԿ-ի ներկայացուցչին եւ հակառակը, հասկացանք, որ բանակցություններ գնում են, բայց, ցավոք, ոչ թե ընդդիմությունն է ձգտում միասնական թեկնածու ունենալ, այլ ընդդիմության մեկ հատվածը, ի դեմս ՀԱԿ-ի, ինքն է ՀՀԿ-ի հետ գնում միասնական թեկնածու ունենալու համագործակցության ճանապարհով»:

Ռուբեն Հակոբյանին զարմանալի է այն, թե ինչպես կարող է մի քաղաքական ուժ անվերջ խոսել իշխանափոխության մասին, բայց դրան ուղղված քայլերը մերժել. «Զուտ քաղաքական տրամաբանության շրջանակներում է, որ եթե ընդդիմությունն իրապես ցանկանում է իշխանափոխություն, ուրեմն պետք է շահագրգռված լինի, որ գոնե միասնական թեկնածուներով կարողանան մեծամասնականներով իրենց ներկայությունն ապահովել ԱԺ-ում: Սա տրիվիալ է, մանավանդ որ ԱԺ-ի 1/3-ը մեծամասնականներ են: Իսկ մենք գիտենք, որ հիմնականում ապաքաղաքական տարրը, բիզնես տարրը մտնում է խորհրդարան՝ մեծամասնականներով: Նույնիսկ քաղաքական ուժեր կան, որ չեն ուզում իրենց ցուցակները վարկաբեկեն մեծամասնականներով, բայց պաշտպանում են, որ  մեծամասնականով, այսպես ասած, այդ մականունավորները մտնեն խորհրդարան: Եվ մեր մոտեցումը իսկապես քաղաքական տրամաբանության շրջանակներում է, որ եկեք ունենանք 1 այլընտրանք՝ մեծամասնականներում, որպեսզի կարողանանք պայքարել իշխանական ռեսուրսի եւ ընդհանրապես այն վարչական ամբողջ ռեսուրսի դեմ, որը հետագայում դառնում է մանդատ ու պատգամավոր: Սա այսպես ասեմ՝ լակմուսային թղթի պես կարգավիճակ ուներ, ՀԱԿ-ը հրաժարվեց, այն դեպքում, երբ մենք արդեն իսկ առաջադրել էինք մեր թեկնածուներին եւ մեր թեկնածուների դեմ թեկնածուներ դրեց, ոչինչ չառաջարկեց մեզ»:

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ էին նրանք գալիս ձեզ հետ բանակցությունների, այսպես ասած՝ ձեր «բերանի գո՞լը» իմանալու, թե՞ երկու դաշտում են խաղում՝ պարոն Հակոբյանը պատասխանեց. «Այդ նույն հարցը իրենց ուղղեք: Երբ եկել էին բանակցելու, ես ինքս ասացի՝ դուք պատրա՞ստ եք մեզ հետ բանակցելու, որպեսզի ամեն ընտրատարածքում ունենանք միասնական թեկնածու: Դա իմ հարցն է եղել, Լեւոն Զուրաբյանն ասել է՝ այո: Եվ ինձ համար զարմանալի էր, որ ասացին՝ պատրաստ ենք, մենք մեր առաջարկությունը արեցինք, իսկ իրենք, մերժելով մեր առաջարկությունը՝ ոչինչ չառաջարկեցին: Դա արդեն մեկնաբանության հարց է, դուք մեկնաբանեք ինչպես կուզեք: Բոլոր դեպքերում ինձ համար հստակ է, որ իրենք պատրաստ չէին մեզ հետ միասին համագործակցված ընտրատարածքներում ունենալ միասնական թեկնածու»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, չնայած ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն Aravot.am-ին ասել էր, որ «Ժառանգության» առաջարկն ինքնախաբեություն է, այնուամենայնիվ, Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ դաշնակցության հետ կհաջողվի պայմանավորվել: Մեր հարցին՝ գուցե անվստահությո՞ւն կա ձեր կուսակցության նկատմամբ, որ դաշնակցությունը քայլ չի անում՝ նա պատասխանեց՝ «Դեռ ՀՅԴ-ի հետ հնարավոր է: ՀՅԴ-ից հենց սկզբում մեզ ասացին, որ գրանցումից հետո կփորձենք համագործակցել: Այսօր էլ լսեցի ձեւակերպում, որ տեսնում ենք մեր համագործակցությունը: Հնարավոր է: Բայց ասեմ, որ կարող է ՀԱԿ-ի հետ էլ լինի, մենք սպասում ենք, մեր դուռը բաց է: Որովհետեւ շատ տրամաբանական է, ճշգրիտ է, որ ընդդիմությունն ունենա միասնական թեկնածու: Ուշ չի, որ ՀԱԿ-ը կարողանա վեր կանգնել կուսակցական ամբիցիաներից եւ հավատա իր իսկ կողմից հռչակած կարգախոսին, որ ինքը գնում է իշխանափոխության: Կարողանանք միասին իշխանափոխությունը ոչ թե բառերով, ձեւակերպումներով անենք, այլ միասին գործելով եւ 1 միասնական թեկնածու ունենալով: Համենայնդեպս, իշխանափոխությունը դա աբստրակցիա չի, իշխանափոխությունը ենթադրում է կոնկրետ գործողություն: Եվ այս պահին կոնկրետ գործողությունը հետեւյալն է, որ ընդդիմությունը կարողանա մեծամասնականով իր թեկնածուներին բերել խորհրդարան: Սա է իշխանափոխության ռեալ քայլը»:

ՀՌԻՓՍԻՄԵ  ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30