Լրահոս
Օրվա լրահոսը

«Աուդիտվեցին»

Ապրիլ 03,2012 12:41

10 տարի առաջ եթերազրկվել է «Ա1+»-ը: Դա թե՛ նախորդ եւ թե՛ ներկա իշխանությունների թուլության եւ անհանդուժողականության դրսեւորում է. այդ երկու հատկանիշները հաճախ են զուգակցվում՝ իր ուժերի վրա վստահ մարդը կամ քաղաքական ուժը պատրաստ է իր ականջը չշոյող խոսք լսել:

Բայց 2002 թվականին ծայրից ծայր «պատասխանատու» եթեր ունենալը եւ դրա համար, որպես գործիք, մի ամբողջ ՀՌԱՀ պահելը, գուցե ինչ-որ տեղ արդարացված էր: Այսօր դա անիմաստ է, գնալով ավելի ու ավելի անիմաստ է դառնում, եւ Ամալյանի նման կերպարներն այժմ իսկական բրածո են եւ քոչարյանական ռեժիմի ռուդիմենտներ: Ժամանակակից տեխնոլոգիաներն այժմ հնարավորություն են ստեղծում լայնորեն տարածելու իշխանությունների համար անհաճո տեղեկատվությունը, եւ իշխանությունները հեռարձակման ոլորտում իրենց հնամաշ մոտեցումներով «վատություն են անում» ա/ իրենց, բ/ ոլորտին, գ/ պետությանը:

Հետապնդելով զուտ քաղաքական նպատակներ (անհաճո ԶԼՄ-ներին եթեր չթողնել), կառավարությունը պարզապես խոչընդոտում է ոլորտի զարգացմանը՝ ընդունելով թե՛ տեխնիկապես եւ թե՛ գաղափարապես չմտածված որոշումներ: Այսպես կոչված «թվայնացման» պատմությունը դրա վառ ապացույցն է: Մոտ երկու տարի առաջ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ կանադական «Աերոսիստեմս ինթերնեյշնլ» ընկերությունը անց է կացնում հաճախականությունների աուդիտ, որի հիման վրա սույն նախարարությունը որոշել է ոլորտի ռազմավարությունը: Տրամաբանական կլիներ, որ այդ աուդիտը պատասխաներ առնվազն մի քանի տարրական հարցի՝ քանի՞ հաճախականություն կա Հայաստանում եւ արդյո՞ք բոլորն են զբաղված, հասարակական ի՞նչ պահանջարկ կա հեռուստաընկերությունների ուղղվածության վերաբերյալ՝ ասենք, 2 ընդհանուր, 2 տեղեկատվական, 1 սպորտային, 1 մշակութային եւ այլն:

Մի քանի ամիս շարունակ լրագրողական կազմակերպությունները փորձում էին հասկանալ՝ այդ ի՞նչ են ուսումնասիրել հարգարժան կանադացիները եւ ինչպիսի՞ հետեւությունների են նրանք եկել: Այդ ընթացքում էկոնոմիկայի նախարարությունը պատասխանում էր, որ ուսումնասիրում է զեկույցը: Վերջապես մի տարի «ուսումնասիրելուց» հետո զեկույցը տրամադրվեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին (ԽԱՊԿ) ու, ինչպես եւ սպասվում էր, լեռը մուկ ծնեց. 141 էջանոց փաստաթղթում հեռարձակման ոլորտին վերաբերում է 1,5 էջ, դրանք պարունակում են տեղեկություններ, որոնք առանց որեւէ աուդիտի էլ բոլորը գիտեն Հայաստանում՝ ինչ հեռուստաընկերություններ կան եւ ինչպես են դրանք հեռարձակվում:

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը գրում է. «Երբ (2010 թվականին- Ա.Ա.) Ներսես Երիցյանը պնդում էր, որ թվային հեռարձակման անցման տեխնիկական կողմին վերաբերող բոլոր որոշումներն ընդունված են՝ աուդիտի արդյունքները հաշվի առնելով, մեղմ ասած, իրականությանը չէր համապատասխանում»: Շատ մեղմ ասած:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30