Դեռեւս 90-ականների սկզբին հայտնի MMM ֆինանսական բուրգը, որի ղեկավար Սերգեյ Մավրոդին երկար տարիներ անցկացրեց բանտում՝ ֆինանսական խաբեությունների համար, այժմ արագ տարածում է ստանում Երեւանում։ Բանտից դուրս եկած Մավրոդին ժամանակ անց ստեղծել է MMM-2011 պիրամիդան, որի մասնակից են, ըստ իրենց կայքի, տարբեր երկրների, այդ թվում ՌԴ-ի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ այլ երկրների 25 մլն քաղաքացիներ։ Մեր տեղեկություններով՝ ոչ քիչ թվով երեւանցիներ եւս արդեն դարձել են ֆինանսական պիրամիդայի մասնակից եւ բավական գումարներ են ներդրել այդտեղ։ Այսպես, յուրաքանչյուր 100 դոլարի դիմաց մեկ ամիս անց MMM-ը տալիս է 170 դոլար, որի 145-ը ներդրողինն է, իսկ 25-ը նրանը, ով բերել է տվյալ անձին ֆինանսական բուրգ։ Պիրամիդան աճում է հիմնականում մարդկային ագահության ու ազարտի վրա հիմնվելով. որքան շատ է ավելանում գումարը, մասնակիցներն այնքան շատ են ավելացնում ներդրումները։ Մեզ տեղեկություններ են հասել, որ Հայաստանում մարդիկ անգամ վարկ են վերցնում ու ներդրումներ անում Մավրոդիի բուրգում՝ արագ եկամուտ ստանալու համար։ MMM-ի գրասենյակը երեկ մեզ չհաջողվեց գտնել, թերեւս նրանք բացահայտ չեն գործում Հայաստանում: Բացի դա, գործարքի դիմաց որեւէ կտրոն չի տրվում, պիրամիդային վստահում են հարեւանի, բարեկամի, ծանոթի փորձի ու քարոզչության հիման վրա։ Փոխարենը Մավրոդիի ֆինանսական ապարատները տեղադրված են քաղաքի մի շարք կենտրոններում՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետներում, «Փարվանա» ռեստորանում, «Սեգաֆրեդո» սրճարանում, «Այրարատ» տոնավաճառում եւ այլուր։ Առայժմ խաբվածներ չկան, սակայն, հաշվի առնելով պիրամիդայի պատմությունը եւ այն, որ տվյալ պահին պիրամիդան 4 մլրդ ռուսական ռուբլու պարտք ունի Ռուսաստանի իր ներդրողներին, կարելի է կռահել, թե ինչ է սպասվում պիրամիդայի մասնակից դարձած հայաստանցիներին:
«Հրապարակ»