Այսօր՝ ապրիլի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 00.05-ի սահմաններում «ՎԱԶ 2109» մակնիշի 67 ՏՕ 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ «Վուլկան» խաղատան դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Վրաերթից հետո վարորդը, թողնելով գետնին ընկած վիրավորներին անօգնական վիճակում, ինչպես նաև դեպքի վայրում թողնելով ավտոմեքենան, դիմել է փախուստի:
Կարդացեք նաև
Դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության բրիգադը վիրավորներին տեղափոխել է «Էրեբունի» և «Մալաթիա» բժշկական կենտրոններ:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները:
Տեղում է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ պարզելու վրաերթի ենթարկված անձանց ինքնությունը և հայտնաբերելու փախուստի դիմած վարորդին: