Լրահոս
Օրվա լրահոսը

Աուտիզմի միջազգային օրվա կապակցությամբ Orange Հիմնադրամը հայտարարում է նոր նախագծի մեկնարկի մասին

Ապրիլ 02,2012 21:41

Այսօր աուտիզմի միջազգային օրն է: Orange Հիմնադրամն այս օրվա խորհրդով Մանկական հոգեբանների և հոգեբույժների հայկական ասոցիացիայի հետ միասին մեկնարկում է նոր նախագիծ աուտիզմի ոլորտում, որի նպատակն է աջակցել աուտիզմով երեխաներին ու նրանց ընտանիքներին, աուտիզմով երեխաների ծնողներին օգնել սովորել ավելի հեշտությամբ շփվել իրենց երեխաների հետ: Ծրագրի շրջանակներում աուտիզմով երեխաների ծնողներին մասնավորապես կուսուցանվի PECS մեթոդը (նկարների փոխանակման կոմունիկացիոն համակարգ), որը լավագույն մեթոդներից է աուտիզմով երեխաների հետ հաղորդակցվելու և Հայաստանում սկսել է ուսուցանվել երկու տարի առաջ «Արաբկիր» բժշկական կենտրոնի կողմից և կրկին Orange Հիմնադրամի աջակցությամբ:

Ծրագիրը մեկնարկելու է մայիսի 1-ից և տևելու է 6 ամիս: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է օգնել ծնողներին բացահայտել իրենց հատուկ կարիքներով երեխայի հետ  հաղորդակցվելու ուղիներ, և ծնողին դարձնել իր երեխայի «թերապևտը»` նպատակ ունենալով հասնել առավելագույն արդյունքի: Կամավորների ջանքերով կկազմվեն PECS-ի գրքեր և կտրամադրվեն երեխաներին: Կստեղծվի նաև հատուկ ինտերնետային կայք, որը ծնողին հնարավորություն կտա օգտվել առկա գրականությունից, մասնագետներին  հղել երեխային և իր խնդիրներին վերաբերող հարցեր, տեղեկանալ նախագծի ընթացքի մասին: Ծրագիրը կօժանդակի ընտանիքներին ճանաչել իրենց խնդիրը և իրատեսորեն վերաբերվել դրան: Ընտանիքի մյուս անդամները հնարավորություն կստանան նաև օգտվել հոգեբանի, իսկ անհրաժեշտության դեպքում` հոգեբույժի խորհրդատվությունից, իսկ երեխաները կընդգրկվեն կազմակերպվող արտաթերապևտիկ հագեցած աշխատանքների մեջ:

Այն ծնողները, ովքեր ունեն աուտիզմով երեխա, կարող են հերթագրվել այսօրվանից սկսած, զանգահարելով 055545531 և 055443155 հեռախոսահամարներին:

«Ծնողը` աուտիզմով երեխայի թերապևտ» նախագիծն իրականացվում է Orange Հիմնադրամի կողմից այս տարի մեկնարկած հատուկ նախագծի շրջանակներում, որի նպատակն է հնարավորություն տալ Orange Արմենիա ընկերության աշխատակիցներին հանդես գալ բարեգործական ծրագրերի նախաձեռնությամբ: Այս ծրագրի համար դրամաշնորհը Orange Հիմնադրամից ստացել է Orange-ի աշխատակից Աննա Սեդրակյանը, որը կրթությամբ հոգեբան է և աջակցում է Մանկական հոգեբանների և հոգեբույժների հայկական ասոցիացիայի աշխատանքներին: Այս ծրագիրը Orange-ի աշխատակիցների առաջարկով ֆինանսավորվող արդեն երկրորդ նախագիծն է:

«Աուտիզմը մի խանգարում է, որ վնասում է մարդու հաղորդակցման ունակությունները: Orange-ը, լինելով հեռահաղորդակցության ընկերություն, իր հոգատարությունն է ցուցաբերում հասարակության այն անդամների նկատմամբ, ովքեր հաղորդակցման խնդիրներ ունեն: Ֆրանս Տելեկոմը ներգրավված է աուտիզմի ոլորտում արդեն 20 տարի ի վեր: Միաժամանակ մենք չափազանց կարևորում ենք մեր աշխատակիցների ներգրավումը ընկերության հասարակական գործունեությանը: Հպարտությամբ ենք տեսնում, որ մեր աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականություններից բացի նաև հոգ են տանում հասարակության այլ անդամների նկատմամբ և ուրախությամբ ենք աջակցում նրանց փոքր կամ մեծ չափով լուծել խնդիրներ, որոնք վերջիններս տեսնում կամ կարևորում են իրենց շուրջ », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 3,000,000 դրամ:

Հայաստանում աուտիզմով երեխաների  աջակցությանը նվիրված ծրագիրը Orange-ը մեկնարկել է դեռևս 2010թ.-ից: Աուտիզմով երեխաների խնդիրների բացահայտման, հասարակության մեջ նրանց ներգրավման ապահովման, ինքնուրույնության և կյանքի որակի բարելավման նպատակով Orange Հիմնադրամի աջակցությամբ ԱՐԱԲԿԻՐ հիմնադրամը 2010 թվականից սկսած իրականացնում է “Օգնենք աուտիզմով երեխաներին” ծրագիրը: Այն անդրադառնում է աուտիզմի խնդրի շուրջ հասարակության իրազեկմանը, մասնավորապես դպրոցներում, մանկապարտեզներում, առաջնային օղակի բուժհաստատություններում, աուտիզմի ախտորոշման և գնահատման նորագույն մոտեցումների ներդրմանը Հայաստանում, աուտիզմով երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30