Այսօր «Հրազդան» հյուրանոցում ԵՊՀ, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական, Երեւանի տնտեսագիտական եւ Հայ-Ռուսական Սլավոնական համալսարնների ուսանողները հանդիպեցին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպման նպատակն էր՝ անդրադարձ կատարել հայ-ամերկյան հարաբերություններին եւ ներկայացնել դրանց զարգացման հեռանկարները:
Ջ. Հեֆերնը փաստեց, որ հայ-ամերիկյան հարաբերություննեը ձեւավորվել են դեռեւս ՀՀ անկախացումից առաջ, երբ 1988թ-ի Սպիտակի երկրաշարժը ի հայտ բերեց բազմաթիվ ամերկացի ընտանիքների գթասրտությունը. «Այդ ժամանակ մենք քիչ բան գիտեինք Հայաստանի մասին, բայց ողբերգությունից հետո մեզ հայտնի դարձան հայերի ուժն ու տոկունությունը: Կարելի է ասել, որ աղետը վերականգնեց մեր ժողովուրդների հարյուրամյա վաղեմության կապերը»: Դեսպանի հավաստմամբ, ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Հայաստանին՝ բարեկեցիկ, ժողովրդավար եւ արեւմտյան արժեհամակարգով պետություն դառնալու ձգտման մեջ՝ հաստատելով գործընկերային կապեր համախոհ հայաստանաբնակների հետ. «Անկախացումից ի վեր Հայաստանին է հատկացվել ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն: Մենք նաեւ ոչ դրամական օգնություն ենք ցուցաբերել՝ տարածաշրջանային խաղաղությունը խթանելու համար»:
Դեսպանը ողջունեց այն մոտեցումը, որ Հայաստանն իր ապագան կառուցելիս հիմնվում է եվրոպական այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են իշխանության ճյուղերի տարանջատումը, խոսքի, մամուլի եւ հավաքների ազատությունը, օրենքի գերակայության ապահովման պարտավորությունը. «Դրանց հիմքի վրա են կառուցվելու հայ-ամերիկյան առաջիկա 20 տարիների հարաբերությունները»,-ասաց Ջ. Հեֆերնը:
Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ դեսպանը նշեց, որ այդ հարցում լուրջ թերահավատություն է տիրում: Նշենք, որ վերջերս Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից Հայաստանի 1500 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքում հարցվողների ընդամենը 12 տոկոսն է նշել, որ ակնկալում է արդարացի ընտրություններ. «Առաջիկա ընտրությունների համար անչափ կարեւորվում է հավասար խաղի պայմանների եւ լրատվամիջոցների հասանելիության ապահովումը բոլոր տեսակետների համար: Մենք ուշի ուշով հետեւելու ենք ընթացքին: Իսկ առանց ընտրակեղծիքների ընտրությունները կնպաստեն մեր հարաբերությունների խորացմանը»,-ասաց դեսպանը: Խոսելով Ղարաբաղյան խնդրի կարգավորումից՝ նա նշեց, որ հարցը մշտապես Մինսկի խմբի համանախագահողների ուշադրության կենտրոնում է. «Մենք ամեն ինչ անում ենք ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն եւ հիմնարար արժեքներ հաստատելու համար»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 1992թ փետրվարին ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում սկսեց իր գործունեությունը՝ «Հրազդան» հյուրանցի 8-րդ հարկում՝ զբաղեցվելով 4 սենյակ: Հոսանքի հաճախակի տատանումների պատճառով դեսպանատան ղեկավար Թոմ Փրայսը մի օր մնացել էր վերելակում, ինչից հետո ամեն անգամ իր աշխատասենյակ հասնելու համար ութ հարկ ոտքով էր բարձրանում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ