Լրահոս
Օրվա լրահոսը

Տոննաներով ձեթ, կոշիկ, թանկարժեք քարեր, նաեւ ջրային ու օդային տրանսպորտ ենք օգնություն ստացել

Ապրիլ 02,2012 18:01

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 19.7 միլիոն դոլարի 2403.8 տոննա ապրանք: Այս մասին տեղեկացնում է ազգային վիճակագրական ծառայությունը, որը հիմնվում է պետեկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տվյալների վրա: Ընդ որում, ըստ այդ տվյալների, գրեթե բոլոր տեսակի ներմուծված մարդասիրական ապրանքների` սկսած սննդամթերքից, հագուստից մինչեւ թանկարժեք իրեր, ծավալը բավականին ավելացել է:

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին 53.7 տոննա բուսական ծագման արտադրանքներ է ներմուծվել մեր երկիր, իսկ անցյալ տարի նույն ամիսներին՝ ընդամենը 5 տոննա: Կենդանական եւ բուսական  ծագման յուղերն ու ճարպերն էլ անցյալ տարվա ներմուծված 4 տոննայից դարձել են` 35,9 տոննա:

Պատրաստի սննդի արտադրանք, ինչպես նշված է վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ, այս տարվա առաջին 2 ամիսներին, մարդասիրական «ճանապարհով» ներմուծվել է 41.1 տոննա, նախորդ տարի` 19.2:

Մեր բնակչության մի ստվար զանգված այս տարի բավականին շատ կարիք է ունեցել կոշկեղենի, գլխարկների եւ նույնիսկ հովանոցների: Նշված ապրանքներից այս տարվա հունվար-փետրվարին ներմուծվել է 19.6 տոննա, իսկ  2011-ին` 14.5:

Ըստ վիճծառայության տվյալների, կարելի է ենթադրել, որ բարեգործություն են անում  նաեւ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր: Ընդ որում, այս ապրանքների կարիքն էլ մեծ է եղել նախորդ տարվա համեմատ, քանի որ եթե այդ ապրանքատեսակներից  2011-ի նշված ժամանակահատվածում ընդհանրապես ներմուծում չի եղել, ապա 2012-ին մարդասիրական կարգով ներմուծվել է 0.1 տոննա: Իսկ ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի կարիքը  մի քանի տասնյակ անգամ է ավելացել: 2011-ի հունվար-փետրվարին նման ապրանքներ ներմուծվել է ընդամենը 2.0 տոննա, իսկ 2012-ի նույն ամիսներին` 146.8 տոննա:

Պետեկամուտների` վիճծառայությանը տրամադրած տվյալներից հատկապես ուշագրավ է վերգետնյա, օդային եւ ջրային տրանսպորտի միջոցների բաժինը: Անցյալ տարվա առաջին 2 ամսում այս տրանսպորտային միջոցներից բարեգործական ճանապարհով ներմուծվել է 22.2 տոննա, իսկ այս տարի «պահանջարկն» ավելացել է` 1921.8 տոննա: Ընդ որում, մասնավորեցված չէ, թե օդային կամ ջրային հատկապես ի՞նչ տրանսպորտ է ներմուծվել` բարեգործություն անելու համար:

Մարդասիրական օգնության համար վերջին 2 ամսում ներմուծված ապրանքների ծավալի աճը եւս հաստատում է վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, որ աղքատների թիվը մեր երկրում ավելացել է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30