ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում խոսելով իսկական քաղբանտարկյալներից՝ ասել էր, որ ինքը քաղբանտարկյալ համարում է նրանց, ովքեր Հայաստանի անկախության համար են կալանավորվել: Իսկ նրանք, ովքեր Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ են դատապարտվել, ըստ Ռազմիկ Զոհրաբյանի, ոչ թե քաղբանտարկյալ են, այլ քրեական դատապարտվածներ` հանցագործներ: Այս առնչությամբ նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը նախ ճշտեց. «Ռազմիկ Զոհրաբյանը խմա՞ծ է եղել»: Երբ ասացինք, որ շատ սթափ էր եւ տեսանյութն էլ կա` պարոն Ռուբինյանը նշեց, որ իր սահմանմամբ` այն անձը, որը հետապնդվում է եւ ազատությունից զրկվել է քաղաքական դրդապատճառներով` անկախ իր կուսակցական-քաղաքական հայացքներից` քաղբանտարկյալ է. «Հիմա, իհարկե, մենք քաղբանտարկյալներ չենք, որովհետեւ արդեն ազատության մեջ ենք, բայց Զոհրաբյանն այն մարդը չի, որ ընդհանրապես նրա ասածները քննարկենք»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ պարոն Ռուբինյանը չի անդամագրվել Մյասնիկ Մալխասյանի ղեկավարությամբ «Քաղբանտարկյալներ» իրավապաշտպան հ/կ-ին` ինչին նա պատասխանեց. «Ես ոչ հրավեր եմ ստացել, ոչ էլ կարծում եմ, որ դա իմ ճիշտ տեղը կլինի: Հիշում եք, այն ֆորս–մաժորային իրավիճակներում մենք ստեղծեցինք «Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե», որը լուծարեցինք, երբ որ վերջին քաղբանտարկյալը դուրս եկավ: Մնացածը արդեն մի տեսակ արհեստակցական միության, նախասիրությունների ակումբի պես բան է լինում, որի մեջ ես մասնակցել չեմ ուզում»: Մեր դիտարկմանը, որ այդ հ/կ-ում ասում են, որ ուզում են օգնել իրենց ընկերներին, որոնք դեռ բանտերում են` Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Լավ են անում, բայց ես ոչ օգնելու հնարավորություն ունեմ, ոչ էլ իրենց օգնությանն եմ սպասում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ