Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը պահանջում է ստի դետեկտոր

Ապրիլ 02,2012 17:35

 Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Կարեն Մեհրաբյանի, Աշոտ Չտրկյանի, Կարեն Պետրոսյանի, Ռոմիկ Մաթեւոսյանի, Արթուր եւ Դավիթ Ավետիքյան եղբայրների գործով պաշտպանական ճառերի ունկնդրումը:

Այս աղմկահարույց գործը կապված է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից Թուրքիա աշխատանքի մեկնող հայերի հավաքագրմանը: Դավաճանության մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանը, որի համար մեղադրող Արամ Ամիրզադյանը պահանջել է 15 տարվա ազատազրկում, ասաց, թե կան մարդիկ, որոնք անձնական շահերից ելնելով դիմել են անօրինական քայլերի: Ակնարկը ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական բաժինն էր: Ըստ Կ. Մեհրաբյանի, ինքը չի իմացել, որ Թուրքիայում կան հայեր, որոնք գտնվում են գաղտնի կազմակերպության մեջ: Նա մեղադրողի ուշադրությունը հրավիրեց մի քանի անձանց ինքնության վրա, նրանց, ովքեր կարող են այսօր էլ վտանգել Հայաստանին եւ թաքցվում են մեղադրանքի կողմից:

Կարեն Մեհրաբյանը հայտարարեց, որ եթե իր ոտքերն ու ձեռքերը կտրեն, միեւնույն է, ինքն անմեղ է: Նա ասաց, որ Թուրքիայում զբաղվել է ինքնագործունեությամբ, ըստ էության գործել թուրքերի դեմ եւ իր մեղավորությունն այն է եղել, որ հասկանալով շատուշատ բաներ, չի համագործակցել ՀՀ ազգային անվտանգության մարմինների հետ: Գտնվելով Թուրքիայում, նա տեսել է հայերի (մասնավորապես նշվեց Նաիրա Մարգարյան, Տիգրան, Վլադիմիր Վարդանյան, Գրիգոր Մարգարյան), ովքեր, ըստ նրա, զբաղված են եղել Հայաստանի դեմ վտանգավոր գործունեությամբ: Թե ինչպես է նա միայնակ գործել՝ չդիմելով անվտանգության մարմիններին, ասաց. «Ինտերնետով կազմակերպել եմ տեղեկատվական արտահոսք: Այս ամենն արել եմ վտանգելով կյանքս, Հայաստանի Հանրապետությանն օգտակար լինելու համար»:

Պաշտպանական ճառով հանդես եկավ նաեւ Ռոման Մաթեւոսյանը, որն ասաց, թե նախաքննության մարմինն իրեն մեղադրանք առաջադրելիս առաջնորդվել է ոչ թե ներքին համոզմամբ, այլ՝ ներքին ձայնով: Նա պահանջեց իր համար արդարացման դատավճիռ: Նրա համար մեղադրողը նույնպես պահանջել է 12 տարվա ազատազրկում՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար:

Այս գործով օժանդակության մեղադրանք է առաջադրվել Աշոտ Չտրկյանին: Մեղադրողը միջնորդել է 11 տարվա ազատազրկում: Նա մինչ պաշտպանական ճառը՝ դատարանից պահանջեց ստի դետեկտոր, որպեսզի արձանագրվի իր յուրաքանչյուր խոսքը: Ելույթը սկսեց «խոսք քեզ, տեր Աստված» հղումով, ասելով, որ ինքը վկայում է նախ Աստծո առաջ, հետո նոր՝ դատարանի: Ներկայացրեց իրեն մեղսագրվածը, ասելով, թե նախաքննության ժամանակ ազգային անվտանգության ծառայության քննիչ Արմեն Թեւանյանը սպառնացել է իրեն, թե՝ «քեզ դատելու ենք, քանի որ Թուրքիա ես գնացել»: «Մեր ֆուտբոլային ակումբներին, որոնք Թուրքիայում են ուսումնամարզական հավաքներ անում, մեր ըմբիշներին, շախմատիստներին, կարելի՞ է մեղադրել: Դեպի Թուրքիա գործում են ավտոբուսներ, ինքնաթիռ, մեր ամբողջ շուկան հեղեղված է թուրքական ապրանքներով, հողաթափերով ու շոկոլադով, պոլիէթիլենային տոպրակներով ու տետրակներով, մեր պաշտոնյաներից մինչեւ հասարակ մարդն իր հանգիստն է անցկացնում Թուրքիայում: Մեր հայերից 25 տոկոսն աշխատում է Թուրքիայում: Մի՞թե այս ամենը տեսնելով կարելի էդատել»,- հարցրեց նա: Նա ասաց, որ աշխատանք գտնելու համար պետք է մեկներ Ռուսաստան, սակայն մի քանի օրով գնացել է Թուրքիա եւ իրեն աշխատանք է առաջարկել իր քավոր Կարենը: Սակայն, քանի որ չի իմացել, թե ինչ աշխատանքի մասին է խոսքը, ոչինչ չի ձեռնարկել: Ամբաստանյալը ցանկացել է աշխատել շինարարության մեջ եւ Կարենի մոտ հանդիպել է Սայիդ անունով ադրբեջանցու: Առաջին անգամ Սայիդին տեսել է «քձիպ հայի» խանութում, որը «զամասկա» էր քսում: Հետագայում հանդիպել է Տիգրանի հետ: Ամբաստանյալի կարծիքով որեւէ ապացույց իր դեմ չկա, թեեւ ինքը գտնվել է ՀՀ ԱԱԾ ուշադրության ներքո: Նրան մինչ օրս հետաքրքրում է, թե ինչի համար են իրեն ձերբակալել, կալանավորել, ինչում են իրեն մեղադրում, ավելին՝ ըստ նրա, ամբողջ գործը քավոր-սանիկային հարաբերությունների վրա է հիմնված: Այն դեպքում, երբ մեկուկես տարի է՝ ինչ ինքը կապ չի ունեցել քավոր Կարենի եւ նրա ընտանիքի անդամների հետ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30