Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սատանիստները ներողություն կխնդրե՞ն Հայ առաքելական եկեղեցուց, «Մեկ ազգ» դաշինքից ու Խաչիկ Ասրյանից (Տեսանյութ)

Ապրիլ 02,2012 17:19

Այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց «Մեկ ազգ» կուսակցության դեմ սատանիստ, բլոգեր Բայանդուր Պողոսյանի ներկայացրած հայցի առաջին դատական լսումը: Սատանիստ բլոգերը «Մեկ ազգին» դատի էր տվել, քանի որ կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում Բայանդուր Պողոսյանին անվանել էր «գաղափարական վիժվածք»: Դատական կարգադրիչները հայտնեցին, որ գործը վարող դատավոր Անի Մխիթարյանը «սեմինարների» է, եւ հաջորդ նիստը տեղի է ունենալու ապրիլի 16-ին: Կարգադրիչների հայտարարությունից հետո էլ, «Մեկ ազգի» ու սատանիստների կողմնակիցները, որոնք մի քանի տասնյակ երիտասարդներ էին, հոգեւորականներ ու հակաաղանդավորներ, չէին հեռանում, նրանք «արտադատարանական» բանավեճ սկսեցին` փորձելով յուրաքանչյուրն իր «ճիշտը» ապացուցել:
Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Ամարյանը կողմերին խորհուրդ էր տալիս պատճառները գտնել, հետո նոր կռվել:

«Մեկ ազգ» դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանն ընդունում է, որ Բայանդուր Պողոսյանի հասցեին ասվածն իր մեջ իսկապես «գռեհիկ խոսք է պարունակում», սակայն գտնում է, որ կուսակցությունը պատասխանատվություն չի կրում իր անդամի` Կարապետ Թումանյանի «ինքնագլուխ» արած հայտարարության համար: Aravot.am-ի հետ զրույցում Գոռ Թամազյանն ասաց. «Կարապետ Թումանյանը դիմում է ներկայացրել դատարան` հայտնելով, որ ինքն է դրա հեղինակը: Բացի այդ, նա ճաշակել է խիստ նկատողություն` ինքնագլուխ գործունեություն ծավալելու, մեզ չտեղեկացնելու եւ գռեհիկ խոսք օգտագործելու համար: Մենք ընդունում ենք քննադատություն, բայց զրպարտանք, վիրավորանք չենք ընդունում»: Այդուհանդերձ, Կարապետ Թումանյանը հակընդդեմ հայցով դիմել է դատարան: Ըստ Գոռ Թամազյանի. «Բայց մենք ողջունում ենք այն պահանջները, որոնք կան հակընդդեմ հայցում, այն է` «Անտիմեկազգ» էջը, որը լի է վիրավորանքներով ու զրպարտանքով, պետք է լուծարվի, այդ էջի ադմինիստրատորները պետք է հրապարակային ներողություն խնդրեն «Մեկ ազգ» դաշինքից, Հայ առաքելական եկեղեցուց ու «Հայոց արծիվներ» հ/կի ղեկավար Խաչիկ Ասրյանից, որովհետեւ սրանք այն ուժերն են, որոնց դեմ տեղի է ունեցել զրպարտություն»: 

Բայանդուր Պողոսյանն իր ակցիան համարում է` «պայքար ստի դեմ»: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ստի դեմ պայքարի մի քանի տարբերակ կա. գնալ ինչոր մեկին ծեծել, մյուս տարբերակը` հայհոյել ինչոր մեկին, եւ կա քաղաքակիրթ տարբերակ` դատական ձեւով լուծել խնդիրը, մենք ընտրել ենք երրորդը: Մեր մասին սուտ, զրպարտող ինֆորմացիա են հրապարակել` փորձելով վարկաբեկել: Ինչո՞ւ պետք է իմ մասին նման ինֆորմացիա տեղադրեին, եթե ես զբաղվում եմ մարդու իրավունքների պաշտպանությամբ, խտրականության դեմ պայքարով: Գոռ Թամազյանը երկար ժամանակ է՝ այդ պայքարը որակում է որպես ազգաքայքայիչ, այն դեպքում, երբ դա ես համարում եմ ազգի կայացման ամենակարեւոր նախադրյալներից մեկը, որ մարդու իրավունքները հարգվեն, պահպանվեն եւ ոչ թե այդ բոլորը միայն գրված լինի թղթի վրա: Ես հասկանում եմ, որ մենք գաղափարական հակառակորդներ ենք Գոռ Թամազյանի հետ, բայց դա իրավունք չի տալիս նրան զրպարտիչ տեղեկություններ տարածել իմ մասին»:
Արդեն դատարանի բակում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից հետաքրքրվեցինք, թե ի պաշտպանություն ո՞ւմ են եկել, սատանիստների՞, որոնք, հոգեւորականների կարծիքով, մոլորյալներ են եւ պետք է դարձի գան, թե՞ «Մեկ ազգի»:
«Եկել եմ մանրամասնություններին ծանոթանալու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տեր Եղիշեն: Կոմիտաս վարդապետ Հովնանյանն էլ հավելեց՝ ազգային շահերի: Մեր հարցին հարցով պատասխանելով՝ Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ասաց. «Դուք ձեր ընտանիքի շա՞հն եք պաշտպանում, թե ինչոր Հանց Ջեյսոնի ընտանեկան շահերը: Եթե Ջեյսոնը մտնի ձեր ընտանիք ու սկսի ձեր ընտանիքը քայքայել, դուք ո՞ւմ ընտանիքի շահերը կպաշտպանեք: Մենք մեր ընտանիքի շահերն ենք պաշտպանում, որ հայ կինը մնա հայ կին, հայ տղամարդը ոչ թե դառնա մարմնավաճառ, այլ մնա հայ տղամարդ, ընտանիքի սյունն ու իր երկրի պաշտպանը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30