Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հաճախ է խոսում լրագրողական էթիկայի մասին: Ընտրությունների նախաշեմին նա վեր է հանում նաև պետական պաշտոնյայի էթիկային վերաբերող հարցեր: Մասնավորապես, նրա կարծիքով՝ պաշտոնյայի համար էթիկապես ճիշտ վարքագծի դրսևորում կլիներ այն, որ նա ընտրություններից առաջ իր գործունեության ընթացքում յուրաքանչյուր առիթով չհիշատակեր այն կուսակցությունը, որի անդամ է, կամ իշխանության մաս կազմող կուսակցության պաշտոնյաները ընտրություններից առաջ փորձեն ավելի քիչ երևալ հանրությանը, որպեսզի անհավասար պայմաններ չստեղծեն մյուս կուսակցությունների համար:
Բ. Նավասարդյանի հետ զրույցի ընթացքում Aravot.am-ին հետաքրքրեց՝ արդյոք էթիկայի սկզբունքները և ընդհանրապես էթիկա հասկացությունը հասո՞ւ է օրինակ Հայաստանում գործունեություն ծավալող այն մարզպետին, որը կարող է կնոջ վրա ձեռք բարձրացնել և հետո էլ հավակնել դառնալ ԱԺ պատգամավոր: Պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Ցանկացած տեսակի բռնություն թույլ տալը բոլորի, մանավանդ հանրային գործունեություն ծավալող անձանց, առավել ևս պետական պաշտոնյայի համար անթույլատրելի է: Հատկապես, երբ խոսքը կնոջ մասին է, ով շատ ավելի քիչ հնարավորություն ունի պատասխան տալու: Դա ոչ միայն էթիկական, այլև մարդու իրավունքների կոպտագույն խախտում է»:
Երևանի մամուլի ակումբի նախագահն այս առիթով օրինակ բերեց հանցավոր աշխարհից. «Նույնիսկ հանցավոր աշխարհում ֆիզիկական բռնություն ցույց տալը զուտ մանր խնդիրների լուծման համար անթույլատրելի է: Նույնիսկ քրեական միջավայրում որոշակի նորմեր են գործում այդ առումով: Ուստի ցավալի է, որ ՀՀ-ում պետական պաշտոնյաների և քաղաքական գործիչների շրջանում արհամարհվում է այդ իրավունքը»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ նշված իրավիճակը հաշվի առնելով՝ պետական պաշտոնյայի էթիկայի ինստիտուտը ներդնելի° է մեր երկրում: Պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Եթե այդպիսի դրսևորումներ կան, ուրեմն որոշ դեպքերում նաև էթիկայի գաղափարը հասու չէ մեր պաշտոնյաների համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ