Մարտի 25-ին Ազատամուտի Հակոբյան փողոցում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն` որպես զենք գործադրվող առարկաներով): Մարտի 26-ին ձերբակալվել, իսկ մարտի 28-ին կալանավորվել էր Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի որդին` Ռոբերտը: Ոստիկանության Տավուշի քննչական բաժնից տեղեկացանք, որ կռվի մասնակից գյուղապետի մյուս երկու որդիները` Կարենը եւ Արկադին, չնայած քննիչից հարցաքննության ծանուցագիր են ստացել, սակայն չեն ներկայացել: Նրանք նաեւ դատաբժշկական փորձաքննության չեն ներկայացել:
Գործով դատաբժշկական փորձաքննության ենթարկված 12 անձանցից 5-ն ունեն մարմնական վնասվածքներ: Նրանց թվում է նաեւ Սեւքարի անտառտնտեսության տնօրեն, ԵԿՄ Իջեւանի կազմակերպության ղեկավար Աշոտ Երիցյանը: Նա փոխգնդապետ է, ինքնապաշտպանական մարտերի ակտիվ մասնակից, վիրավորվել է, ունի երկրորդ խմբի հաշմանդամություն: Ազատամուտի միջադեպի ժամանակ նա ձեռքի եւ գլխի վնասվածքներ է ստացել:
Զանգվածային այդ կռվի ժամանակ օգտագործվել են փայտի եւ երկաթի կտորներ, անկոթ բահեր, որսորդական հրացան եւ ուսումնական նռնակ: Ծեծկռտուքի ժամանակ որսորդական հրացանից երեք անգամ կրակ է արձակվել, սակայն հրազենային վերքեր չկան: Ուսումնական նռնակն առանց պայթուցիչի է, այն ուղարկվել է փորձաքննության:
Քննչական բաժնում չասացին կռվի պատճառների մասին, քանզի նախաքննությունը շարունակվում է:
Կարդացեք նաև
Շրջանառվող լուրերի համաձայն՝ կռվի պատճառները 3-ն են: Մարտի 25-ի առավոտյան բախվել են Աշոտ Երիցյանի աներորդու` Սենո Սարիբեկյանի եւ Ժորա Մարտիրոսյանի որդիներից մեկի մեքենաները: Ժորա Մարտիրոսյանի որդիներն Ազատամուտում զբաղվում են փայտածուխի արտադրությամբ: Կառավարությունն անցյալ տարվա աշնանը որոշում ընդունեց, որ սահմանամերձ համայնքների բնակիչները կարող են վառելիքի համար անվճար օգտվել անտառի թափուկից: Գյուղապետի որդիները ցանկացել են օգտվել Սեւքարի անտառտնտեսության տարածքի թափուկներից, սակայն Աշոտ Երիցյանն ընդդիմացել է դրան, նրանց ասելով, որ օգտվեն Իջեւանի անտառտնտեսության թափուկներից: Ըստ լուրերի` երրորդ պատճառն այն է, որ Աշոտ Երիցյանի մյուս աներորդին` Արտեմ Սարիբեկյանը, որը նախկինում եղել է Ազատամուտի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար, ցանկանում է առաջադրվել աշնանը կայանալիք գյուղապետի ընտրություններում, ինչը հարուցել է Ժորա Մարտիրոսյանի դժգոհությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ