Լրահոս
Օրվա լրահոսը

«Տոկիո» քառյակի անդամ. «Մեծ պատիվ է նվագել հայ ունկնդրի համար»

Ապրիլ 02,2012 16:26

 Այսօր Երեւանի քաղաքապետարանում կայացավ «Աշխարհի լավագույն կամերային խումբ», տիտղոսակիր «Տոկիո» լարային քառյակի ասուլիսը: Նրա համերգով ապրիլի 3-ին կբացվի «Երևանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

Փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում հիշեցրեց. «Համույթր նվագում է «Պագանինիի քառյակ» Ստրադիվարիուսի գործիքներով: Դրանք քառյակի համար վարձակալում է Ճապոնական երաժշտական հիմնադրամը, սկսած 1995 թվականից: «Տոկիո» քառյակը 7 տարի առաջ նույն կազմով եկել էր Հայաստան, իսկ այժմյան գալուստը ապացույցն է այն բանի, որ երաժիշտները սիրել են մեր երկիըը, Երեւանը: Համերգի ընթացքում կհնչեն աշխարհահռչակ կոմպոզիտորներ Հայդնի, Բարտոկի, Դեբյուսիի ստեղծագործություններից»: Տիկին  Հովհաննիսյանը հավելեց, որ փառատոնի շրջանակում տեղի է ունենալու դաշնակահար Եվգենի Կիսինի համերգը:

«Տոկիո» լարային քառյակում ելույթ են ունենում Մարտին Բիվերը (ջութակ), Կիկուեյ  Իկեդան (ջութակ), Կաձուհիդե Իսոմուրան (ալտ) եւ Քլայվ Գրինսմիթը (թավջութակ): Գործիքները (ջութակները՝ 1680 եւ 1727, ալտը՝ 1731, և թավջութակը՝ 1736 թվականներին ստեղծված) ձեռք են բերվել Ճապոնիայի «Նիպոն» երաժշտական հիմնադրամի կողմից Վաշինգտոնի «Քորքորան» արվեստի պատկերասրահից։

«Սա 2-րդ այցն է Հայաստան, ես երջանիկ եմ, հուզված եւ մեծ հաճույք եմ ստանում գտնվելով Երեւանում: Մենք սիրեցինք այս երկիրը եւ ժողովրդի ջերմ ընդունելությունը, ունենք մտերիմ ընկերներ, որոնք հայ են: Սիրում եւ լսում ենք Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, կկատարենք սիրված ու նոր գործեր եւ չի բացառվում՝ նաեւ հայկական երաժշտություն»,-ասաց Մարտին Բիվերը:

Կիկուեյ  Իկեդան էլ հավելեց. «Մեծ պատիվ է գտնվել այստեղ եւ նվագել հայ ունկնդրի համար: Յուրաքանչյուր գործիք իր հոգին ունի, նվագելով այս գործիքների վրա՝ մենք մի զգացում ենք ունենում, որը հրաշքին հավասար բան է»:

Քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանն էլ ասաց, որ Երեւանի քաղաքապետարանը փառատոնի գործընկերն է. «Կանխատեսվում է ավելի լուրջ վերաբերմունք մշակութային կյանքի հանդեպ, որի վառ օրինակը այս համագործակցությունն է: Միշտ պատրաստ ենք կանգնել տաղանդավոր մարդկանց այցին՝ քաղաքամայր Երեւան եւ  գոհացնել ամենախստապահանջ հանդիսատեսին»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30