Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի մամուլի ակումբի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ԲՀԿ-ն իրականացնում է չթույլատրված քաղաքական գովազդ

Ապրիլ 02,2012 16:10

«Մեր կատարած մշտադիտարկումները ցույց են տալիս, որ ՀՀ-ում նախընտրական քարոզարշավը սկսել է ամենաուշը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին»,-այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա տեղեկացրեց, որ իրենց ուսումնասիրությունների ընթացքում հաճախ են հանդիպել այնպիսի երևույթների, երբ միևնույն ձայնով, միևնույն տեքստը հայտնվում է տարբեր հեռուստաընկերությունների եթերում՝ մեկում ներկայացվում է որպես քաղաքական գովազդ, մյուսում որպես ռեպորտաժ: Բ. Նավասարդյանը հայտնեց, որ սա արվում է կոմերցիոն նպատակներով:

Երևանի մամուլի ակումբի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեռ 2011 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցություններն իրականացրել են քաղաքական գովազդ, և անհավասար պայմաններ ապահովել մյուս կուսակցությունների նկատմամբ: 2012-ի մարտին կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 8-ից առաջ, երբ քաղաքական գովազդն արգելված է, ԲՀԿ-ն իրականացնում է քաղաքական գովազդ: Պաշտոնատար անձանց, հատկապես վարչապետի գործունեությունը քարոզարշավի համատեքստում դիտարկելով, պարոն Նավասարդյանը նկատեց. «Դա կարելի է անվանել ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործում, երբ օրինակ, վարչապետն օգտվում է այն իրավիճակից, երբ իր գործունեությունն այսպես թե այնպես պետք է լուսաբանվի և առիթն օգտագործելով զուգահեռաբար ծավալում է նաև կուսակցական գործունեություն»: Բ. Նավասարդյանը մտահոգություն հայտնեց, որ ՀՀ-ում մինչև քարոզարշավ, քաղաքական քարոզչությունը կարգավորելու մեխանիզմներ չկան:

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) փորձագետ Արմեն Մինասյանն էլ նկատեց, որ անգամ եթե լինեն  այդ մեխանիզմները, ապա չի կարծում, որ հնարավոր կլինի, ասենք, Կոմունիստական և Հանրապետական կուսակցություններին բերել մեկ հարթություն:

Բ. Նավասարդյանը, անդրադառնալով Երևանի մամուլի ակումբի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներին, նշեց, որ կան դրական տեղաշարժեր: Սակայն կանգ առավ Հանրային հեռուստաընկերության գործունեության վրա և ասաց, որ դրա գործունեության մեջ ոչինչ չի փոխվել, չնայած երկրում իրականացվելու են ընտրություններ: Զարմանալիորեն Հանրայինի եթերում վերջին ամիսներին հյուր են հրավիրվում մշակույթի գործիչներ, այն դեպքում, երբ մշակութային քաղաքականության իրականացման համար գործում է «Շողակաթ» հեռուստաընկերությունը: Այս երևույթը Բ. Նավասարդյանը համարեց հեռուստադիտողի հետաքրքրությունների արհամարհում և համեմատելով «Կենտրոն» հեռուստաընկերության գործունեության հետ՝ նշեց, որ դրա եթերում վեց անգամ ավելի շատ են հրավիրվել քաղաքական գործիչներ, քան հանրայինով:

Ա.Մինասյանն էլ տեղեկացրեց, որ իրենք կատարել են տպագիր մամուլի մոնիտորինգ և պարզել, որ այս շրջանում գերակշռում են մերժողական բնույթի հրապարակումները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30