Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ապրիլի 6-ին Տոկիոյում չեմպիոնական գոտու համար հանդիպելու է 53,525 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Շինսուկե Յամանակայի հետ, որն այդ տիտղոսը կրում է անցած տարվա նոյեմբերից:
Վախթանգ Դարչինյանի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ իր սանը մարտի 29-ին արդեն մեկնել է Ճապոնիա եւ Ավստրալիայում սկսած նախապատրաստության վերջին փուլն անցկացնում է այնտեղ: «Այս անգամ էլ նրա կողքին չեմ կարող լինել, որովհետեւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն չկա եւ վիզա ստանալու համար պետք է մի քանի ամիս պարբերաբար Մոսկվա թռչեի: Սակայն աշխատանքիս բնույթը այդ հնարավորությունը չի տալիս: Վախթանգի հետ մի քանի անգամ հեռախոսով զրուցել եմ: Նախորդ մարտին ստացած պարանոցի վնասվածքը հիմնականում բուժել է, ավելի վաղ ունեցած ձեռքի ցավն էլ, կարծես, անքան չի անհանգստացնում: Յամանական նույնպես ձախլիկ է, ռինգում խաղացող բռնցքամարտիկ: Հետեւաբար, անհամեմատ դժվար մրցակից, քան նախորդը` Անսիելմո Մորենոն: Բայց եթե Վախթանգը ճիշտ մարտավարություն ընտրի եւ չշտապի ռինգում, հաղթանակը նրանը կլինի», – ասում է Վազգեն Բադալյանը:
Վազգեն Բադալյանի հետ զրույցի մանրամասները կարդացեք «Առավոտի» վաղվա տպագիր համարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ