Սիբիրի նավթարդյունաբերական շրջանում երկուշաբթի օրը մարդատար ինքնաթիռի վթարի պատճառով զոհվել է 32 մարդ:
11 մարդ ողջ է մնացել և տեղափոխվել հիվանդանոց, սակայն մեկն ավելի ուշ մահացել է: Բժիշկների համաձայն, առնվազն հինգ մարդու իրավիճակը կրիտիկական է:
Ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, եղել է 43 մարդ՝ 39 ուղևոր և անձնակազմի չորս ներկայացուցիչ:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության համաձայն, Տյումենից Սուրգուտ ուղևորվող «UTair» ընկերության «ATR-72» ինքնաթիռը երկուշաբթի առավոտյան ընկել է Տյումենից մոտ 35 կիլոմետր հեռավորության վրա՝ օդ բարձրանալուց րոպեներ անց։ Անկման արդյունքում այն բաժանվել է 3 մասի և այրվել։
Փորձագետների համաձայն, վթարի ամենահնարավոր վարկածներն են օդաչուների սխալը, ինքնաթիռի սարքավորումների շարքից դուրս գալն ու եղանակային պայմանները:
Վթարի փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի վկայությամբ, այս վթարը դարձել է «ATR-72» մակնիշի ինքնաթիռի առաջին վթարը Ռուսաստանի տարածքում: Երկու շարժիչ ունեցող մարդատար այս ինքնաթիռն աշխարհում, այդ թվում՝ եվրոպական պետություններում, լայն տարածում է գտել միջին հեռավորության թռիչքներ կատարելու համար:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»