Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբայանը մեջբերեց Չերչիլին. Քաղաքական գործիչը մտածում է ապագա ընտրությունների, իսկ պետական գործիչը ապագա սերնդի մասին (Տեսանյութ)

Ապրիլ 02,2012 15:16

 Այսօրվանից մեկնարկում է «Թատրոն-X» 5-րդ հանրապետական փառատոնը՝ Երեւանի, մարզերի եւ Արցախի թատերախմբերի մասնակցությամբ: Փառատոնի կազմակերպիչն է Ազգային թատերական ստեղծագործական միավորումը: Փառատոնի առիթով մշակույթի նախարարությունում այսօր կայացած ասուլիսին փառատոնի նախագահ Արա Խզմալյանը փաստեց, որ «Թատրոն-X»-ը միտված է հատկապես մարզերում բարձրացնելու մշակութային ինքնազգացողությունը. «Առանց փառատոների մեր մշակութային կյանքը կլիներ պակասավոր, հարաբերակից չէինք լինի նաեւ միջազգային թատերական պրոցեսներին»: Նա հավելեց, որ մարզերում նախատեսված են վարպետության դասընթացներ, «կլոր սեղաններ», քննարկումներ:

Մասնագիտական հանձնախմբի ղեկավար Լեւոն Մութաֆյանը նշեց, որ ներկայացումներին հաջորդած ամենահետաքրքիր քննարկումները կզետեղվեն որեւէ ինտերնետային պորտալում:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը անդրադարձավ մշտապես շրջանառվող այն հարցին, թե ո՞ւմ է պետք թատրոնը: Արդյոք այն ուղղակի զբաղմո՞ւնք է մի խումբ մարդկանց, մասնագետների համար, որոնք բավարարում են իրենց անձնական ամբիցիաները: «Սրանք հարցեր են, որ յուրաքանչյուր մարդ, ով զբաղվում է արվեստով, որոշակի ժամանակից հետո ինքն իրեն տալիս է եւ ոչ միայն մեր երկրում: Նիցշեն ասում էր, որ մշակույթը խնձորի այն բարակ կեղեւն է, որը զսպում է աշխարհի քաոսը: Կարծում եմ՝ ավելի ճիշտ արտահայտվել, դժվար է: Այս փառատոնն էլ իր բնույթով, քննարկումներով առաջին հերթին ուղղված է հենց դրան՝ փորձել հասկանալ մշակույթի, մեր պարագայում՝ թատրոնի ազդեցությունը հասարակության վրա, որովհետեւ ավելի ժամանակակից եւ ավելի դասական արվեստ, քան թատրոնն է, ես չգիտեմ: Այս պահին է ծնվում ներկայացումը, այս պահին՝ մահանում, այս պահին է գտնում կամ չի գտնում արձագանք հանդիսականի մոտ, այս պահին ստիպում է մարդուն ինչ-որ բանի մասին մտածել կամ թողնում է անտարբեր…Ուրախ եմ, որ փառատոնի շրջանակներում ծավալված քննարկումները դառնում են ավելի հետաքրքիր, բաց, ավելի լայն ասպարեզ են ընդգրկում քննարկողների: Եվ միգուցե այն հասարակական, երիտասարդական լավ պոռթկումները, որ տեսնում ենք վերջին տարիներին, հենց այս փառատոնի ու քննարկումների ազդեցությունն են: Մի լավ արտահայտություն կա, եթե չեմ սխալվում՝ Չերչիլն է ասել՝ քաղաքական գործիչը մտածում է ապագա ընտրությունների, իսկ պետական գործիչը ապագա սերնդի մասին: Այդ տեսակետից ես կուզենայի, որ մենք ավելի շատ դեպի երկրորդը շեղվեինք»,-ասաց Ռուբեն Բաբայանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30