«Ժառանգության» պատգամավոր Կարինե Հակոբյանը, երբ կուսակցությունից դուրս էր գալիս, ասաց, որ իր համբերության բաժակը լցվել էր, համամասնական ցուցակը վերջին կաթիլն էր: Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Aravot.am-ի հարցին` այժմ «Ժառանգությունում» էլի կա՞ն մարդիկ, որոնց համբերության բաժակը լցվելու վրա է, եւ ի՞նչն էր պատճառը, որ Կարինե Հակոբյանի վաստակը համամասնական ցուցակում չգնահատվեց: Կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Կարինե Հակոբյանի դուրս գալը կուսակցությունից մենք դիտում ենք, որ կորուստ էր կուսակցության համար: Ես կարծում եմ, որ ինչ-որ տեղ այդ պահին զգացմունքային ֆոնը դեր է խաղացել: Մենք բոլորս միասին ցանկանում ենք Կարինե Հակոբյանին հաջողություններ, հատկապես, որ ինքը մի առիթով շեշտել է, որ հասարակական կառույցներում ինքը ավելի է կարողանում ռեալիցազվել, իր տեղն այդտեղ է գտնվում: Թե էլ ում համբերության կաթիլն է ավելացել, վերջին հավաստի տեղեկություններից չունենք այդպիսի տեղեկություն, որ ինչ-որ մեկի համբերության բաժակը լցվել է եւ վերջին կաթիլին է սպասում»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Արարատ Զուրաբյանի` ցուցակում չլինելու պատճառներից: Հարցին` ճի՞շտ են խոսակցությունները, որ դա կապված է ցուցակի հետ եւ որ նա լքել է կուսակցությունը` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Եթե ուզում ես սուտ բան գրես, գրում ես` խիստ հավաստի աղբյուրներից տեղեկացանք: Ինչպես վերջերս խիստ հավաստի աղբյուրներից «ՀԺ»-ի տեղեկացանք, որ Արարատ Զուրաբյանը լքում է կուսակցությունը: Արարատ Զուրաբյանի անձնական որոշումն էր ցուցակներում չընդգրկվելը: Նա մասնակցում է բոլոր որոշումներին: Մենք ազատական կուսակցություն ենք, որում խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, չկա այնպիսի մի իրավիճակ, որ մեր բոլոր անդամները կամ ղեկավար մարմինն ունենան նույն մոտեցումը: Մենք ողջունում ենք տարբեր մոտեցումները: Նման բան գոյություն չունի, Զուրաբյանն ինքն է որոշել չընդգրկվել, սակայն ակտիվորեն մասնակցելու է նախընտրական գործընթացներին եւ իր ուժերի ներածին չափով նպաստելու է մեր ընդհանուր դաշինքի հաղթանակին»:
Թե հետագայում որտե՞ղ է լինելու նա` պարոն Արզումանյանը պատասխանեց, որ Արարատ Զուրաբյանը «Ազատ դեմոկրատների» հիմնադիր անդամներից է, եւ ինքը կարծում է, այդ կուսակցությունը շատ երկար ճանապարհ ունի անցնելու. «Արարատ Զուրաբյանը կորոշի մասնակցության ձեւաչափերը, մենք միասին ճանապարհ ենք գնալու, միասին ճանապարհ անցել ենք, միասին ճանապարհ անցնելու ենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ