Ընտրացուցակները ուռճացված են 745.000 ընտրողներով: Այսօր քաղաքագետների միությունում ընտրացուցակների իրենց ուսումնասիրությունը ներկայացրեց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ նրա, մարդահամարի նախնական տվյալներով, Հայաստանում ապրում է 2 միլիոն 780.000 մարդ, բայց ընտրողների թիվը 2 միլիոն 485.844 մարդ է ներկայացվել. «Ընտրացուցակները ավելացել են 450.000 ընտրողով: Պարզվում է` 90 տոկոսից ավելի ընտրողներ են, մինչդեռ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, դպրոցահասակ ավելի քան 560.000 երեխա կա , բայց եթե գումարենք նախադպրոցահասակներին, ապա ստացվում է մոտ 745.000 մարդով ուռճացված են ընտրացուցակները»:
Պարոն Հովհաննիսյանն առաջարկեց ձեւավորել կուսակցությունների միասնական շտաբ, որը կզբաղվի ցուցակների ճշտման գործով. «Միայն այս դեպքում ընտրությունները կլինեն ընտրություններ, հակառակ դեպքում՝ ընտրություն չէ, այլ չընտրություն է լինելու»:
Ավելի ուշ պարոն Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց. «Համակարգային արատ է: Պետք է հանել մեռյալ հոգիներին, կրկնվող ազգանունները: Օրինակ Ֆադեյ Սարգսյանին էին ընդգրկել ցուցակում, եթե նրա դեպքում բացահայտվեց, որովհետեւ անձը ճանաչված էր, ապա պատկերացրեք՝ քանի հազարավոր մարդիկ կան, որոնց մասին ինֆորմացիան դժվար է բացահայտել, որովհետեւ նրանք այդպիսի ճանաչում չունեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև