Ներկայումս շատ է խոսվում ԱՄՆ-ի՝ հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների վրա ունեցած ազդեցության մասին: Այս մասին են վկայում նաև ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ում գործունեություն ծավալող գործիչների հայտարարությունները: Այդպիսի հայտարարությամբ այսօր Aravot.am-ի հետ զրույցում հանդես եկավ ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերի պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը: Նա նշեց. «Ազատ ընտրությունները կարևոր են ձեր երկրի ներսում վստահության մթնոլորտի կայացման, ինչպես նաև ԱՄՆ–Հայաստան կապերի ամրապնդման համար: Մենք ողջունում ենք ՀՀ իշխանությունների հանձնառությունը ազատ, արդար ընտրություններ ապահովելու մասին: Գեղեցիկ խոսքեր հեշտ է ասել, սակայն պետք է անել այնպես, որ հենց ընտրությունների օրը ապահովվեն ազատ և թափանցիկ ընտրություններ: Միայն բարելավված Ընտրական օրենսգիրքը բավարար չէ այդպիսի ընտրություններ կազմակերպելու համար, եթե չկա քաղաքական կամք և հարգանք օրենքի նկատմամբ»:
Մեր այն հարցին՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը այժմ ՀՀ-ում տեսնո՞ւմ է այն նախադրյալները, որոնք կապահովեն ազատ ընտրություններ, պարոն Անդերսենը պատասխանեց. «Իսկապես փոփոխություններ տեսնում ենք, բայց միայն դա բավական չէ, քանի որ հասարակությունը, իրավական մարմինները, կուսակցութունները ևս պիտի դրսևորեն ազատ և արդար ընտրությունների անցկացման կամքը»:
Հստակեցրինք՝ արդյոք այս ընտրությունների՞ց է նաև կախված ՀՀ-ԱՄՆ հետագա համագործակցության ընթացքը: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր երկու երկրների միջև կնքված համաձայնագրի կարևորագույն բաղադրիչը ժողովրդավարության ապահովումն է, ինչը փոխկապակցված է ազատ և արդար ընտրությունների անցկացման հետ: Այս մասին խոսել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ