Եկեղեցու բակում մեկնարկեց շեյխա Ֆարիհայի պաշտոնական ընդունելությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան Քուվեյթի և Ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանն ու ազգային կառույցների այլ ներկայացուցիչներ` ընդգծելով շեյխա Ֆարիհայի այցի պատմական բնույթն ու բացառիկ նշանակությունը ինչպես քուվեյթահայ համայնքի կյանքում, այնպես էլ հայ-քուվեյթյան միջպետական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ոլորտներում:
Այնուհետեւ տեղի ունեցավ հայ և քուվեյթցի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը նվիրված պատարագը:
Արարողությունից հետո կայացած կարճատև զրույցի ընթացքում շեյխա Ֆարիհան խոսեց Քուվեյթի կառուցման և բարգավաճման գործում հայ համայնքի ունեցած մեծ դերի և նշանակության մասին: Նա բարձր գնահատեց հայերի նվիրվածությունն ու հավատարմությունը Քուվեյթի կառավարությանն ու ժողովրդին, նշելով, որ Քուվեյթի պատմության օրհասական պահերին հայերը միշտ եղել են Քուվեյթի կողքին:
Նույն օրը երեկոյան շեյխա Ֆարիհայի պատվին հայ համայնքի անունից տրվեց ընթրիք, որին ներկա էին համայնքային բոլոր կառույցների ներկայացուցիչները:
Կարդացեք նաև
Ելույթով հանդես եկավ նաև Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Շեյխա Ֆարիհայի այցը որակելով որպես պատմական և աննախադեպ հայ-քուվեյթյան համագործակցության պատմության մեջ, դեսպան Չարչօղլյանն ասաց, որ հետևողական աշխատանքներ են տարվում մոտ ապագայում շեյխա Ֆարիհայի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու ուղղությամբ, ինչը նոր հիմքերի վրա կդնի Հայաստանի և Քուվեյթի միջև միջպետական հարաբերությունների զարգացման հետագա ընթացքը:
Շեյխա Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահի հանդիպումը հայ համայնքի հետ լայնորեն լուսաբանվել է Քուվեյթի հեռուստատեսությամբ և տեղական լրատվամիջոցներում:
ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ