1930 թվականի ապրիլի 1-ը հայերիս համար նշանավորվեց: Այդ օրը ծնվեց Խորեն Աբրահամյանը: Տարիներ հետո հայ հանդիսատեսը նրան տեսավ թատրոնի բեմին` Արա Գեղեցիկի, Պեպոյի, Օթելլոյի կերպարներում: Տեսավ էկրանից` «Մենք ենք, մեր սարերը», «Առաջին սիրո երգը», «Սարոյան եղբայրները» ֆիլմերում: Տեսավ, սիրեց, գնահատեց: Խորեն Աբրահամյանով մինչ այսօր էլ հպարտանում են, հիշում են նրան և գնահատում. «Ինքն անհասանելի է, բարձր է: Միայն արտաքինը տեսնում եմ, մարմնովս դող է անցնում: Հայացքը խորն է, աչքերի ներսում հպարտություն կա, ինչ-որ աննկարագրելի ուժ,- ասում է 19-ամյա Նելլին,- չգիտեմ` իր նման դերասան էլ երբևէ կունենա՞նք: Չեմ հավատում: Ինքն անկրկնելի մեծություն է»:
Նրա խաղը թատրոնում և կինոյում շատերին է հուզել, գրավել: Մարինան ապագա ռեժիսոր է, նշում է, որ Խորեն Աբրահամյանին սիրում է հատկապես «Սարոյան եղբայրներում». «Ես նրա մեջ հզոր անձնավորություն եմ տեսնում, հզոր դերասան, հայ»:
Խորեն Աբրահամյանի թոռը` Խորեն Լևոնյանը, իր պապիկին նկարագրում է այսպես. «Խորեն Աբրահամյանն իսկական հայ էր: Ոնց որ պետք է ճշմարիտ հայը լինի, այն տեսակը որը վերանում է արդեն»: Պապու խորհուրդներից էլ հիշում է. «Լինել մարդ: Լինել հայ. իսկական հայ»:
Լիլիթ Սարգսյան