Հայաստանի կառավարությունը 5 տարի առաջ` 2006-ի փետրվարի 16-ին, հատուկ որոշմամբ` ապրիլի 1–ը պետականորեն ճանաչել է որպես Հումորի եւ երգիծանքի օր: Հիշեցնենք, որ նույն թվականի ապրիլի 1-ին ստորագրվել է նաեւ թռչունների պահպանության մասին Միջազգային կոնվենցիան:
Հարցման ընթացքում պարզ դարձավ, որ երիտասարդության շրջանում քչերը գիտեին այս մասին: Երբ հարցնում ես՝ այսօր ի՞նչ օր է, բոլորը միաձայն պատասխանում են` Հումորի եւ երգիծանքի օր, իսկ ոմանք էլ նախընտրում են հին տարբերակը՝ սուտը. «Այսօր մի քանի անգամ հասցրել եմ ստել տարբեր մարդկանց, սկսած ընտանիքիս անդամներից: Հաճելի է, երբ ստում ես եւ այն ծիծաղ է պարգեւում դիմացինիդ»,-ասում է 19-ամյա Գարիկ Գրիգորյանը:
Հարցման մասնակիցներից միայն 9-ամյա Հայկ Պետրոսյանը կարողացավ նշել` այսօր թռչունների միջազգային օրն է. «Երեկ՝ դասի ժամանակ, մեր բնության ուսուցչուհին ասաց, որ այսօր թռչունների պահպանության օրն է լինելու, իսկ ես թռչուններ շատ եմ սիրում: Երկար ժամանակ էր ուզում էի թութակ պահել, բայց տանը չէին թողնում: Երեկ կարողացա համոզել հայրիկիս, որ այսօրվա կապակցությամբ թույլ տա եւ նա համաձայնվեց»,-մեծ ոգեւորվածությամբ պատմում է Հայկը:
Բնապահպանները կարծում են, որ թռչունների համար լուրջ վտանգ են հանդիսանում ոչ թե որսորդները, այլ երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են թռչունների համար: Այս ամենին գումարվում է շրջակա միջավայրի աղտոտվածությունը, այդ թվում` ջրային տարածքներում նավթի արտահոսքը, որը շատ հաճախ կործանարար է լինում հատկապես ջրլող թռչունների համար:
«Մարդիկ պետք է տեղեկացված լինեն, թե ինչ քանակությամբ պետք է օգտագործեն թունաքիմիկատները, այն ինչպե՞ս կարող է անդրադառնալ եւ ի՞նչ վնասներ կարող է հասցնել»,-ասում է բնապահպան Կարեն Գեւորգյանը:
Ինչպես տեղեկանում ենք` ekolur.org-ից, 2011թ. տվյալներով Հայաստանում հաշվում է 351 տեսակ թռչուն, որոնցից մոտ 110 տեսակը տարբեր աստիճանի խոցելիություն ունեն, իսկ որոշները ոչնչացման եզրին են:
Քրիստինա Միրզոյան