«Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը` ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում Սուրբ Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին»,- ասում է Գևորգ քահանա Առաքելյանն ու հավելում,- ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, դրանք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայելուց հետո, իսկ ոստերի փափկությունը խոհրդանշում է փրկչի հետևողների խոնարհությունը»:
Այս տարի ապրիլի 1-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծազկազարդը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Նրա ծագումը չի կապվում քրիստոնեական տոնացույցի հետ, այլ արտահայտում է ծառապաշտությանն առնչվող հնագույն ծիսակարգը: Ծաղկազարդ անվանումն առաջացել է Զատիկի` Սբ. Հարության տոնին նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Այն քրիստոնյաներին հիշեցնում է Քրիստոսի համբարձումը` մեղանչական մարդուն մահվանից հետո երկինք բարձրացնելու ու աստծու ներկայության մեջ երանություն վայելելու հույս պարգևելով:
Ծաղկազարդի օրը սովորավար եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում:
Ըստ հին ավանդության` Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն է: Այդ մասին վկայում են տոնին կատարվող սովորույթները: Այդ օրն աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ ու թանկարժեք զգեստները, հինա դնում եղունգները: Առավոտյան, ծառերն օրհնելուց հետո, ժողովուրդը` գերազանցապես երիտասարդները, ծառերից մեկական ճյուղ պոկելով, տուն էին տանում, այն տնկում հողի մեջ, որ արմատ տա, կամ կախում էին խնոցուց: Իսկ որպեսզի կաթը չմակարդվի, այն գցում էին կրակի մեջ:
«Ծաղկազարդի տոնակատարության հին սովորույթները, տոնախմբությունները ցավոք, բայց ժամանակի ընթացքում մոռացվում են, և մնում է միայն գեղեցիկ բառը` Ծաղկազարդ` որպես բացահայտիչ հին-հին տոնախմբությունների», – նշում է քահանան:
79-ամյա Ջուլիետա տատը, չնայած հարսների օգնությամբ, բայց այն քչերից է, ով հետևում է հին ավանդույթին ու այդ օրը պատրաստում անուշեղեններ` փախլավա, նազուկ ու այլ համեղ կերակուրներ:
Ալվարդ Սիմոնյան