Լրահոս
Օրվա լրահոսը

Անշունչ առարկաների մեջ մարդկային կերպարանք տեսնելը ինքնասպանության պատճառ

Մարտ 31,2012 19:30

«Լուսնին նայելիս միշտ մարդու` կոնկրետ երիտասարդ ժպտերես կնոջ հայացք եմ տեսնում` իր հստակ ընդգծված աչքերով, բերանով և քթով: Այդպես եղել է նաև երեխա ժամանակ: Մինչև հիմա չեմ հասկացել` դա երևակայության արդյո՞ւնք է, թե՞ խաթարված հոգեկան վիճակ», – հետաքրքրված ասում է դայակ Անահիտ Վիրաբյանը:

Շատ հաճախ մարդը ենթագիտակցաբար փնտրում է մարդկային դեմքեր ամենուր, նույնիսկ այն վայրերում, որտեղ դրանք բացակայում են (օրինակ նկարներ, վայրեր և այլն): Գուցե մարդու այդ հոգեբանական հատկությունից է ներշնչվել սուրիալիստ իսպանացի նկարիչ Սալվադոր Դալլին` իր հանրաճանաչ կտավները ստեղծելիս: Այդ անհասկանալի երևույթը բացատրելու համար Ռուսաստանի բժշկական ֆակուլտետի ուսանողների հետ փորձ է անցկացվել, որի ժամանակ, ըստ 1tv.ru հեռուստաալիքի տվյալների, մասնակիցներին ցուցադրվել են բնության նկարներ ու տարբեր առարկաներ և նրանցից պահանջվել նկարագրել այն, ինչ տեսնում են այդ նկարներում: Բոլորի պատասխանը միանշանակ էր. մարդկային դեմքեր: Բժիշկներն այդ երևույթը բացատրում են ուղեղի օբյեկտների փոխարեն մարդկային դեմքեր տեսնելու ունակությամբ, որը ձևավորվում է մարդու կյանքի դեռևս վաղ շրջանում: «Երեխան առաջին անգամ փորձում է ծանոթանալ  իրեն շրջապատող մարդկանց, առարկաներին, իսկ այն անձը, որին նա առաջին անգամ տեսնում է մինչև մեկ տարեկանը` իր մայրն է: Մոր հայացքի և գուրգուրանքի շնորհիվ երեխան իրեն զգում է սիրված և պաշտպանված», – ասում է ռուս բժիշկ Ելենա Մալիշևան: Սակայն, երբ երեխան շրջապատված չի լինում հարազատ, ծանոթ մարդկանցով` այդ ամենը կարող է վատ վերջաբան ունենալ: Ռուս հոգեբույժ Վադիմ Մայիսիևիչ Գիլոտի համոզմամբ, երեխաները սիրո, ուշադրության պակասի պատճառով կարող են դիմել ինքնասպանության (դեռահասների սուիցիդ):

«Երեխայիս հազիվ փրկեցի ինքնասպանությունից: Նա փոքրուց ինքնամփոփ և լռակյաց է եղել, բայց իմ մտքով չէր էլ անցնում, որ կարող էր այդպիսի բան անել: Չէ՞ որ նա ընդամենը երեխա էր..», – հիշում է ռումինացի վաճառողուհի Մարիա Ստընեսկուն:

Ռուսաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, երեխաների ինքնասպանության դեպքերը քիչ չեն լինում: Այդպիսիներից էր, օրինակ` ռուսական քաղաքներից մեկում 14 տարեկան անչափահաս աղջիկների ինքնասպանությունը, որոնք իրենց կյանքին վերջ դրեցին` պատուհանից դուրս նետվելով: Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել, սակայն ցավալին այն է, որ հանցանքին դիմում են ոչ միայն շատ փոքր տարիքի երեխաները, այլև կարող են համապատասխան գործողության մեջ ներքաշել նաև այլ երեխաների:

«Դասական հոգեբուժության տեսանկյունից, դեռահասների սուիցիդի առաջին փուլում առաջանում են հակակենսական (antivital) մտքեր, որոնք պարունակում են «անտանելի է, չեմ ուզում ապրել, այս ինչ կյանք է» և այլ բացասական մտքեր: Այնուհետև ի հայտ են գալիս հակակենսական գործողություններ, որոնց ժամանակ երեխան փնտրում է տեղեկատվություն, նույնիսկ համախոհներ, որոնք կարողանան իրեն աջակցել` սուիցիդալ գործողությունն իրականացնելու հարցում», – բացատրում է Վ. Մ. Գիլոտը: Ապա հաջորդում է բուն` ակտիվ գործողության փուլը, որի ժամանակ ինքնասպան լինողը հրաժեշտ է տալիս իր հարազատներին կամ մտերիմներին (սակայն այս գործողությունը կարող է և բացակայել), ընտրում է կատարվելիք գործողության տեղանքն ու ժամանակը, որից հետո իրականացվում է սուիցիդը: Այս փուլերը կարող են տևել օրեր, ամիսներ, նույնիսկ տարիներ: Հենց այս ժամանակահատվածում ծնողնեը կամ ընկերները կարող են օգնել կամ փրկել երեխայի կյանքը: «Ինքնասպանության դիմող երեխայի ծնողներն ու ընկերները պետք է շատ ուշադիր լինեն նրանց նկատմամբ` անընդհատ ասելով, որ կյանքը գեղեցիկ է և մահվան մեջ ոչ մի գրավիչ բան չկա», – հորդորում է բժիշկ Վ. Մ. Գիլոտը:

Երբ երեխան կամ առհասարակ մարդը բավականաչափ սեր չի ստանում շրջապատից և միակ սփոփանքը մնում է անշունչ առարկաների մեջ մարդկային կերպարանք տեսնելը` ինքնասպանության հավանականությունը կտրուկ մեծանում է: Դա է պատճառը, որ մենք ամենուր մարդկային դեմքեր ենք փնտրում` ցանկանալով մեզ սիրված ու պաշտպանված զգալ: Եվ մարդկային դեմքեր այդ չգիտակցված փնտրտուքի պատասխանն այն է, որ մարդուն մարդ է պետք, որպեսզի կարողանա գոյատևել և գեղեցիկ ապրել:

 

 

Ելենա Չոբանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031