Չնայած նրան, որ շատ կանայք բողոքում են, թե գլխավոր աշխատատեղերը տղամարդիկ են զբաղեցնում, այնուամենայնիվ կանանց բիզնեսը Հայստանում օր օրի աճում է: Այս կարծիքն է կիսում նաև «Շեն տեքստիլ» խանութ սրահը, որը զբաղվում է քիվերի, վարագույրների ու գորգերի ներկրմամբ: Խանութ սրահը զեկավարում է հայուհի գործարար Արև Բեգլարյանը: Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2007 թվականից: Ապրանքները հիմնականում ներկրվում են Եվրոպայից: Խանութ սրահի մենեջեր Տիգրան Ավետիսյանի խոսքով` առհասարակ այս ոլորտում գործարար կանանցից բացի ակտիվ մասնակցություն ունեն նաև գնորդուհիները, ովքեր էլ նպաստում են բիզնեսի զարգացմանը: Հաճախորդնեը մեծամասմբ ճանաչված մարդիկ են` շոու բիզնեսի ներկայացուցիչներ, նախարարների, պատգամավորների տիկնայք, ինչպես նաև` նորաստեղծ ընտանիքները, որոնց համար նոր առաջարկներ ունեն: Հարցին, թե ովքե՞ր են ամենից շատ գնումներ կատարում `տղամարդիկ թե՞ կանայք, մենեջերը ժպիտով պատասխանում է.
«Հիմնականում կանայք ստիպում են, որ իրենց ամուսիները գնեն» (ծիծաղում է):
«Բիզնեսը տարիք ու սեռ չի հարցնում»,- ասում է 59-ամյա տիկին Սուսաննան, ով զբաղվում է ձեռքի աշխատանքով: Նա չրերից, բանջարեղեններից ու կանաչիներից նկարներ է պատրաստում: Մասնագիտությամբ դերձակուհի է, սակայն իր տաղանդը բացահայտել է դեռևս 20 տարեկանում: Դրան նպաստել է մի հետաքրքիր պատմություն. «Հորաքրոջս տղան նոր էր վերադարձել բանակից: Ես վերցրեցի մի մեծ ափսե և նրա մեջ պոմիդորները, վարունգները և այլ բանջարեղենները գեղեցիկ ձևավորեցի: Ինձանից անկախ` անտառի տեսարան ստացվեց»,- պատմում է տիկին Սուսաննան ու հավելում ` պրոֆեսիոնալ գործով զբաղվել է 2000 թվականից սկսած: Նույնիսկ տարիներ առաջ իր մասին հաղորդում են պատրաստել ու ցուցադրել հեռուստատեսությամբ: Իր գործը նա նմանեցնում է քանդակագործությանը. «Այս ամենը նման է քանդակի. անընդհատ աշխատում ես ձեռքով: Եթե մարդու մեջ կա ստեղծագործական ջիղը, կարևոր չէ տղա է, թե` աղջիկ, պիտի իր շնորհն արտահայտի»,- ասում է նա: Հիմնականում պատկերում է ծաղիկներ, բնություն, « քանդակել» է նաև հայերենի այբուբենը, քանի որ, ինչպես ինքն է կատակում, «դպրոցում տառերն անգիր չգիտեի, պատկերել եմ, որ գոնե այդպես հիշեմ»: Ձեռքի աշխատանքով զբաղվում է նաև ժողովրդական վարպետ, ասեղնագործ-գեղանկարիչ 62-ամյա Մարիետա Մարտիրոսյանը: Սկզբում լուսանկարներ է անում, այնուհետև գծանկարը ավարտելուց հետո ասեղով սկսում է նկարներ անել: Պատկերում է իր մանկությունը, բնությունը: Վերջերս էլ նկարել էր իր տատիկին ու պապիկին. «Նրանք ամբողջ կյանքում միասին էին: Միասին են աշխատել, միասին գործել ու ապրել: Ես հենց այդ գաղափարն էի ուզում արտահայտել»- ասում է տիկին Մարիետան: Ձեռքի աշխատանքով սկսել է զբաղվել է ավելի քան 10 տարի առաջ`աշխատանք չունենալու պատճառով: Շինարար է եղել, սակայն իր աշխատասիրության շնորհիվ թափանցել է նաև արհեստի ոլորտ: Իր նկարներից մեկում էլ պատկերել է կաթողիկոս Գարեգին Բ-ին: «Աստված միշտ ինձ օգնել ա: Այս տարի առողջական խնդիրների պատճառով չկարողացա պաս պահել: Այդ իսկ պատճառով էլ որոշեցի ինչ-որ չափ շնորհակալ լինել Աստծուն ու օգտակար լինել եկեղեցուն»: Իր բիզնեսը, ավելի ճիշտ կենսակերպը իր համար շատ թանկ է: Տիկին Մարիետան նույնպես այն կարծիքին է, որ Հայաստանում կանանց բիզնեսը զարգացում է ապրում, որ մրցակցությունը մեծ է:
Նազենի Բաղդասարյան
Հ.Գ. «Առավոտ երիտասարդականը» գործարարների հետ զրուցեց Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված «Գործարար հայուհի» էքսպո-ցուցահանդեսի ժամանակ: