Ապամոնտաժող 1-ին բրիգադին ամեն օր կփոխարինեն նորերը: Մարտի 31-ի առավոտյան հայ մտավորականների ապամոնտաժող բրիգադը սկսել է Մաշտոցի պուրակի ապօրինի տաղավարների ապամոնտաժման գործը: Մինչև այս պահը ՀՀ ոստիկանությունը մեծաթիվ ուժերով պաշտպանում է անօրինական տաղավարները և թույլ չի տալիս ապամոնտաժող բրիգադին անցնել արգելափակոցները: Ոստիկանությունը արգելափակոցներ է տեղադրել ամբողջ Մաշտոցի պուրակի երկայնքով: Չնայած դրան` այսօր պուրակ են եկել հարյուրավոր քաղաքացիներ և նրանց թիվը գնալով աճում է: Զուգահեռաբար, Երևանի քաղաքապետարանը ծանր տեխնիկայով սկսել է փորել պուրակի տարածքը, ինչը խոչընդոտ է ստեղծում պուրակում քաղաքացիների տեղաշարժվելու համար:
Ապամոնտաժող բրիգադը հայտարարել է, որ անդադար փորձելու է մուտք գործել տաղավարների տարածք` այնքան ժամանակ մինչև այդ փորձերը հաջողությամբ պսակվեն: Ապամոնտաժող 1-ին բրիգադին ամեն օր կփոխարինեն նորերը: Մեկին ձերբակալելու դեպքում` նրանց փոխարեն գալու է 10 հոգի: <Մենք չենք գնալու այստեղից, քանի դեռ հանրային տարածքը չի ազատվել ապօրինի բուտիկներից>, հայտարարել են մտավորականները: Հայտարարվել է, որ թե որոշում ընդունողները և թե ոստիկանությունը պատասխանատվություն են կրում ապօրինի որոշումների և դրանց կատարման համար: Ոստիկանությունը դարձել է <բութ գործիք> և օգտագործվում է ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ սիմվոլ դարձած բուտիկները պաշտպանելու համար:
Մենք` Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիներս հայտարարում ենք, որ այս խնդրի հետ կապված հանրության պայքարի սկզբից երկու ամիս անց ՀՀ գործադիր իշխանությունը շարունակում է ոտնահարել Հայաստանի քաղաքացիական հասարակության օրինական պահանջը: Ավելին, այսօրվա դեպքերը վկայում են, որ իշխանությունն այդ ապօրինի որոշումներով և իր անտեղի համառությամբ շարունակում է աններելիորեն բարոյազրկել ՀՀ Ոստիկանությանը, որը ստիպված է ամոթխած հայացքներով պաշտպանել մի քանի անձանց մասնավոր շահը և օգտագործվել` հանրային տարածքը հանրությունից պաշտպանելու համար:
Ինչ էլ որ լինի, մենք մնալու ենք Մաշտոցի պուրակում և աջակցելու ենք ավագ սերնդի կողմից ապամոնտաժման գործին: Ապամոնտաժող թիմը որոշել է, որ այսուհետ անժամկետ մնալու է Մաշտոցի պուրակում և մենք` Մաշտոցի պուրակի համար պայքարող ՀՀ քաղաքացիներս էլ սատարելու ենք նրանց և մնալու ենք պուրակում, մինչև չապամոնտաժվի վերջին բուտիկը: Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին անդադար գալ Մաշտոցի պուրակ և շատանալ` հաստատելով և վերանվաճելով ՀՀ քաղաքացու ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ Սահմանադրական իրավունքը:
Կարդացեք նաև
Ձեր ներկայությունը պուրակում ԻՆՔՆԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է` հանուն ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ:
Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն
Մեր քաղաքը հանրային քաղաքացիական նախաձեռնություն
Թռչկան քաղաքացիական նախաձեռնություն
Մաշտոցի պուրակը պաշտպանող քաղաքացիներ
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն