Այսօր մարտի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:30-ի սահմաններում Սարի թաղից դեպի Սարալանջի նորակառույց ճանապարհ տանող հատվածի թիվ 20 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել Արաբկիր 21 փողոցի բնակիչ 34 ամյա Գուրգեն Ավդալյանի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի 13 ՕԼ 606 համարանիշի և 20 ամյա Էդուարդ Գասպարյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի 71 PT 111 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդ Գ. Ավդալյանը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2121»-ի վարորդ Է. Գասպարյանն ու նրա երեք ուղևորներ՝ 19 ամյա Դավիթ Գասպարյանը, 21 Ժորա Ստեփանյանը, և 20-ամյա Գառնիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մահացածին և վիրավորներին դուրս բերելու համար դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, հայաստանի փրկարար ծառայության, Երևանի փրկարար վարչության հատուկ փրկարարները: Քննչական աշխատանքները ղեկավարում էր ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արսեն Մարգարյանը:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ: