Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատների միտինգ` Ծառուկյանի պատվին

Մարտ 31,2012 18:03

Այսօր մի քանի նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գյումրի էր ժամանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Մինչ վերջինս Գյումրու դրամատիկական թատրոնում վայելում էր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր`Սերոբ Գրիգորյանի հիշատակին նվիրված պատանիների ըմբշամարտը, ԲՀԿ-ի մեկ այլ գրասենյակում Գյումրու աղքատները միտինգ էին անում: Նրանք շրջափակելով գրասենյակը հավաքվել ու սրտատրոփ սպասում էին Ծառուկյանին` նրանից վառելիքի, սննդի և այլնի փող ուզելու համար: Գրասենյակի աշխատակիցները համոզում էին հեռանալ տարածքից, սակայն հնար չկար, աղքատների հոսքը գնալով շատանում էր:

Մի ծեր կին մտնելով ներս, մոտեցավ Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանին ու ասաց. «Ջանիդ մեռնիմ, հմի մենք ո՞ւմ ընտրենք, ո՞ւր եթանք, որ փողը տան, մենք էլ` մեր ձենը»:Վերջինիս խոսքերից ռեկտորն անակնկալի եկավ, իր գրպանից որոշակի գումար տվեց կնոջը` հորդորելով թողնել ու հեռանալ: Սակայն տիկինը չլքեց տարածքը, և երբ ԲՀԿ-ականները մոտեցան նրան` նախազգուշացնելով, թե հանկարծ Ծառուկյանին չմոտենաս` տիկինը հակադարձեց. «Ինչի՞, էդ ի՞նչ գումար տվեցիք որ չմոտենամ, լավ էլ կմոտենամ, ձեռքիս տոպրակն էլ կտամ, թող վառելիքը լցնե: Թող մրսած, գիշերները դրսում քնող մարդու ղադրը իմանա»:

Նշենք, որ անցած տարվա սեպտեմբերին, այս գրասենյակի բացման ժամանակ սոցիալապես անապահով նույն մարդիկ, կախվելով պարոն Ծառուկյանի ուսերից ու այդ անգամ գետին գցելով նրան ուղեկցող ըմբշամարտիկներին, դարձյալ փող էին ուզում: Բանը հասավ նրան, որ ԲՀԿ ղեկավարին համարյա թե չթողեցին մտնել ԲՀԿ գրասենյակ:

Նշենք, որ ԲՀԿ-ականների միջոցառմանը մասնակցում էր նաև ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն ու նրա սանիկը` Գուրգեն Մալխասյանը, որը թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է, որտեղ մեծամասնական կարգով առաջադրվել է Սամվել Բալասանյանը:

Գուգեն Մալխասյանն, ի դեպ, կոպտորեն խախտումն է Ընտրական օրենսգիրքը, նա ընտրվելով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ՝ պարտավոր է հրաժարվել իր կուսակցական պատկանելությունից եւ, ըստ էության, իրավունք չունի մասնակցել քաղաքական միջոցառումների:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031