Այսօր Մաշտոցի այգում էր նաեւ դերասան Հովհաննես Ազոյանը: Նա ասաց, որ պատրաստ է միանալ այգու կրպակների ապամոնտաժման համար պայքարող ակտիվիստներին` նրանց հետ մեկ գիշեր մասնակցել նստացույցի:
Ինչ վերաբերում է երեկ ՀԱԿ-ի հանրահավաքին իր մասնակցությանը, ասաց, որ լավ քաղաքացին պետք է նաեւ քաղաքականության մեջ լինի քաղաքացի: Նա ասաց, որ իրեն դուր է գալիս ՀԱԿ-ի ցուցակը, եւ իրեն շատ հաճելի էր լինել այնտեղ, տեսավ Խաչատուր Սուքիասյանին. «Ես կուզեի, որ նրան գրանցեին, որովհետեւ մեր իշխանության կողմից շատ անառողջ քայլ է նրան չգրանցելը»:
Aravot.am- ի հարցին, թե նո՞ր է սկսել համակրել ՀԱԿ-ի գաղափարախոսությունը, թե՞ նոր է դրա մասին բարձրաձայնում, Հ. Ազոյանը պատասխանեց, ասաց, որ միշտ էլ մասնակցել է ՀԱԿ-ի հանրահավաքներին, բայց ավելի աննկատ է իրեն պահել` հարթակներից դուրս. «2008-ին հարթակում էի: Ես ազատ եմ իմ որոշումներում ու գործերում… Ես քաղաքացիական ազատ դիրքորոշում ունեմ, խորը ընդդիմադիր չեմ, կույր ընդդիմադիր չեմ, բանական մարդ եմ, հեռուստաընկերություններն էլ հարգում են ինձ դրա համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ