Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը մեկնաբանեց ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքում ավանդների վերադարձման նոր խոստմանը: Հաշվի առնելով, որ «Հայխնայբանկի» ավանդների վերադարձման հարցը բարձրացրել էր հենց «Օրինաց երկիրը», մենք պարոն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է մեկնաբանում ՀԱԿ-ի կողմից այդ հարցին անդրադարձը. «Անկախ նրանից թե ով կպայքարի ավանդների վերադարձման համար եւ որ կուսակցությունը, մենք ողջունում ենք: Կարեւորը, որ մեր սկսած նախաձեռնությունը մինչեւ վերջ հասնի»:
Լրագրողները պարոն Բաղդասարյանից մեկնաբանություն խնդրեցին նաեւ ԲՀԿ համամասնական ցուցակի 19-րդ հորիզոնականը զբաղեցնող Վահան Բաբայանի հայտարարության առնչությամբ, որ կոալիցիան, ըստ էության, այլեւս գոյություն չունի: Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Չեմ լսել եւ չեմ ուզում մեկնաբանել, ես կմեկնաբանեմ նրանց կուսակցության ղեկավարին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ