«Մենք վճռականորեն սատարում ենք իրենց երկկողմ հարաբերությունները կարգավորելու` Թուրքիայի եւ Հայաստանի ջանքերը», – ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ուրբաթ օրը հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը։
«Այս հարցը կանոնավորապես մաս է կազմում ինչպես թուրքական, այնպես էլ հայաստանյան բարձրագույն իշխանությունների հետ մեր երկխոսության», – ընդգծել է Պետդեպարտամենտը` ի պատասխան ճեպազրույցի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակից Ռիչարդ Սոլաշի հարցի։
«Վերջին անգամ, երբ պետքարտուղարը Հայաստանում էր, նա նշեց, որ հաշտեցման ուղղությամբ քայլ անելու հերթը այժմ Թուրքիայինն է», – ճեպազրույցի ժամանակ հիշեցրել էր «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը` հարցնելով, թե արդյո՞ք նույն ուղերձն է փորձում փոխանցել պաշտոնական Անկարային Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարկ Թոների ճեպազրույցի ժամանակ հարց է հնչել նաեւ, թե Հիլարի Քլինթոնի` առաջիկա օրերին Ստամբուլ կատարելիք այցի շրջանակներում նախատեսված քննարկումների օրակարգո՞ւմ են արդյոք «հայ – թուրքական հարաբերությունների, ցեղասպանության եւ եկեղեցիների ունեցվածքի հարցերը»։
Կարդացեք նաև
Թոները դժվարացել է պատասխանել այդ հարցին` նշելով միայն, որ Քլինթոնը «Սիրիայի բարեկամների» հանդիպման շրջանակներում ունենալու է որոշ երկկողմ հանդիպումներ։
Այնուհանդերձ, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը շարունակել է. – «Անշուշտ, այդ հարցերը, այդ թեմաները, փաստացի, մշտական աղբյուր, կամ մի հարց են, որ մենք քննարկում ենք Թուրքիայի եւ Հայաստանի հետ։ Հետեւաբար, մենք ցանկանում ենք տեսնել այդ առնչությամբ մերձեցման գործընթացի շարունակումը»։