Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված «Գործարար հայուհի» էքսպո-ցուցահանդեսի բացմանը: Քաղաքապետը բացման խոսքում շնորհավորել է գործարար կանանց գարնանային տոների առթիվ ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար:
«Մենք մեր ամբողջ թիմով պատրաստ ենք աջակցել, օգնել հայ կին գործարարներին և քաղաքապետարանի դռները միշտ բաց են նմանատիպ միջոցառումների համար: Համոզված եմ, որ գործարար կանայք, նաև քաղաքապետարանի ռեսուրսն օգտագործելով, էլ ավելի կկայունացնեն, կամրապնդեն ու կզարգացնեն իրենց գործունեությունը»,- ասել է քաղաքապետը:
Այնուհետ Տարոն Մարգարյանը շրջել է ցուցասրահում և ծանոթացել բոլոր տաղավարներում ցուցադրվող ապրանքատեսակներին: Ցուցահանդեսին ներկայացված են արտադրող և ներկրող 60 ձեռնարկություններ ու ընկերություններ, որոնք ղեկավարում են կին գործարարներ:
Ցուցահանդեսը կազմակերպվել է կանանց գարնանային տոներ կապակցությամբ և բաց կլինի նաև ապրիլի 1-ին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն