Ինձ հաց ու ջուր չտաս՝ թողնես հիշեցնեմ քաղաքական ու պետական այրերին իրենց ոչ վաղ անցյալի հայտարարությունները:
Ահա հետեւելով, թե ինչպես է Արմեն Աշոտյանը բավական արդյունավետ օգտագործում Facebook-ը՝ եւ իբրեւ կրթության նախարար, եւ իբրեւ ՀՀԿ փոխնախագահ, մտաբերեցի նրա իսկ խոսքերը, որոնք ասել էր խորհրդարանի 2010 թվականի հունիսի 23-ի արտահերթ նստաշրջանում եզրափակիչ ելույթում, երբ քննարկվում էին «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում այն փոփոխությունները, որոնք պետք է արտոնեին Հայաստանում օտարալեզու դպրոցների ստեղծումը: Ահա եւ իր խոսքը կարծես հեռակա ուղղելով այդ քննարկման ընթացքում դրսում բողոքի ցույց անող «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» Facebook-ում ծնունդ առած նախաձեռնությանը՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Այստեղ դեռեւս կարծում եմ առանձին հետազոտելու եւ հետաքրքրությունների առարկա է այն հասարակական խմբավորումը, որ աշխատում է այս օրենքի դեմ: Կարծում եմ սա օրենքի հետ կապ չունի եւ ավելի շատ նախընտրական ցանցային տեխնոլոգիաների կիրառման փորձարկումն է՝ ընդամե՛նը: 2012-13 թվականներին, կարծում եմ, ավելի հստակ կլինի այն թեզը, որ այսօր ես առաջ եմ քաշում, որ այս կազմակերպված դիմադրությունը ոչ այնքան եւ ընդհանրապես «Լեզվի մասին» օրենքի հետ բուն առնչություն չունի, որքան, նորից կրկնեմ, ցանցային տեխնոլոգիաների կիրարկման փորձարկման առաջին փորձն է, փորձաքարն է, Իրանի, այսպես կոչված թվիթթերյան հեղափոխության, թվիթթեր հեղափոխության շարունակության եւ հնարավորության զոնդաժն է Հայաստանի Հանրապետությունում, օրինակ Facebook -ի միջոցով»։
2012 թվականն է, եւ կարծում եմ, հստակ է, թե որքանով էր հիմնավոր պրն Աշոտյանի պնդումը: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը որքան էլ միավորում է ամենատարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչների՝ հետապնդում էր զուտ այն նպատակները, որոնք եւ հռչակել էր, եւ որոնք առնչվում էին գերազանցապես «Լեզվի մասին» օրենքին: Ներկայումս էլ այս խմբի քաղաքական գործընթացներում ներգրավվածությունը սահմանափակվում է կուսակցությունների հետ հանդիպումների միջոցով իրականացվող լոբբինգով, որ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում ներառվեն մայրենի լեզվին ու հայապահպանությանը վերաբերող դրույթներ:
Իսկ այ պրն Աշոտյանը, որ կրթության եւ գիտության նախարար նշանակվելուց հետո տեւական ժամանակ ձեռնպահ էր մնում քաղաքական հայտարարություններից՝ նախընտրական շրջանում վերադարձավ ի շրջանս յուր, եւ բավական ակտիվորեն է փորձարկում ցանցային տեխնոլոգիաները:
Կարդացեք նաև
Ի դեպ, իր վերոհիշյալ հայտարարությունից հետո ինքս առիթ ունեցել էի նրան հարցնելու. օտարալեզու դպրոցներ հիմնելու նախաձեռնության դեմ հանդես են գալիս ինչպես ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, նաեւ «Facebook»-ի այդ խմբի բազմաթիվ անկուսակցականները, այնպես էլ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքը, Հանրային խորհուրդը, Գրողների միությունը եւ այլն: Այս բոլորից հատկապես ո՞ր մեկն է փորձարկում այդ նախընտրական տեխնոլոգիաները: Թե՞ բոլորը միասին են փորձարկում: Արմեն Աշոտյանը մասնավորապես պատասխանել էր. «Խոսքը, իմ կանխատեսումով, հետեւյալի մասին է. սա փորձադաշտ էր՝ պարզելու ցանցային տեխնոլոգիաների օգտագործումը նախընտրական եւ հետընտրական հնարավոր զարգացումներում: Այս օրենքը լավ առիթ էր՝ օգտագործելով նաեւ ազնիվ մտահոգությունները՝ ձեր, ակադեմիկոսների, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների՝ փորձել համապատասխան տեխնոլոգիաների փորձարկում անել Հայաստանում: Կարծում եմ, որ 1,5-2 տարի հետո կտեսնեք, որ ես ճիշտ եմ եղել»: