Լրահոս
Օրվա լրահոսը

Ռախմանինովյան օր՝ Ազգային օպերային թատրոնում

Մարտ 31,2012 14:09

Գեւորգ Հակոբյանը՝ Ալեկոյի կերպարում:

Արուս Աճեմյանն ու Կարեն Դուրգարյանը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 29-ին կարծես հայտարարված էր ռախմանինովյան օր. մեկ երեկոյի ընթացքում թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ դաշնակահարուհի Արուս Աճեմյանը նվագախմբի ընկերակցությամբ հնչեցրեց Ռախմանինովի 2-րդ դաշնամուրային կոնցերտը եւ  ներկայացվեց ռուս անվանի կոմպոզիտորի «Ալեկո» մեկ գործողությամբ օպերան: Գլխավոր՝ Ալեկոյի դերերգով փայլեց ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը: Զեմֆիրայի, Ծեր գնչուի, Երիտասարդ գնչուի, Ծեր գնչուհու կերպարները իրենց պատշաճ մեկնաբանությունը ստացան Մարինե Դեինյանի, Զոհրաբ Զոհրաբյանի, Պերճ Քարազյանի, Լիլիթ Գրիգորյանի վարպետության շնորհիվ: Օպերայի ավարտին էլ ծափողջույններից պարզ դարձավ, որ հանդիսատեսը կարոտել էր շուրջ 2 տարի բացակայած այս ներկայացմանը: Ազգային օպերային թատրոնում Ռախմանինովի «Ալեկո» օպերայի պրեմիերային «Առավոտն» անդրադարձել է  դեռեւս 2005-ին: Այն Հայաստանում բեմադրել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի ռեժիսոր Իռկին Գաբիտովը:

Վերջին շրջանում օպերային թատրոնի նվագախումբը, բացի իր հիմնական առաքելությունից, հաճախ է անդրադառնում համաշխարհային դասական երաժշտության գոհարներին: Մի առիթով Կարեն Դուրգարյանն «Առավոտին» ասել էր, որ իր նպատակն է նվագախումբը փոսից բեմահարթակ հանելը, ինչի շնորհիվ հանդիսատեսը դեմքով կճանաչի երաժիշտներին եւ, իհարկե,  կապահովվի անմիջական կապ նրանց միջեւ:

Ինչ վերաբերում է Ռախմանինովի դաշնամուրային կոնցերտներին, որոնք մասնագետները  բնութագրում են «տղամարդկային», հիանալի ներկայացրեց հմայիչ դաշնակահարուհի Արուս Աճեմյանը, ով շուտով մայրանալու է:

«Առավոտը» կատակով նկատեց, թե սպասվող երեխայի մասնագիտական  ճակատագիրն արդեն հայտնի է եւ Արուս Աճեմյանից հետաքրքրվեց, թե մինչ երեխայի ծնվելը ինչպե՞ս է իրեն «զրկելու» իր համար սովորական դարձած լավագույն նվագախմբերի հետ համագործակցելու հաճույքից: «Նույնիսկ չծնված երեխային անհրաժեշտ է դասական երաժշտություն ունկնդրել: Պատրաստվում եմ օրերս հանդես գալ նաեւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, այս անգամ Ռախմանինովի 3-րդ կոնցերտի կատարմամբ: Ինչ վերաբերում է երեխայի մասնագիտական կողմնորոշմանը, այդ հարցում ես ու ամուսինս չենք խառնվի»,- ասաց դաշնակահարուհին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031