Երեկ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում կայացավ մարտի 26-ին մեկնարկած Հեղինե Տեր-Ղեւոնդյանի անվան երիտասարդ կոնցերտմայստերների III հանրապետական մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը:
Մինչ մրցանակների հանձնումը, կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանն «Առավոտին» տեղեկացրեց, թե 1970-ականներին կոնսերվատորիայում Հեղինե Տեր-Ղեւոնդյանի ջանքերի շնորհիվ հիմնադրված կոնցերտմայստերական ամբիոնի դասախոսներն ու ուսանողները մշտապես հանդես են գալիս կատարողական բարձր մակարդակով, հավելելով. «Վստահորեն կարող ենք ասել, որ այս մրցույթը լավ սկիզբ է երիտասարդ երաժիշտների ստեղծագործական առաջընթացի համար: Նույնիսկ համոզված եմ, թե նրանք ժամանակին կդառնան սպասված՝ աշխարհի լավագույն համերգասրահներում»:
Գրան պրին շահեց կոնսերվատորիայի ուսանող Արտյոմ Աբրահամյանը (դոցենտ Աննա Մանդալյանի դասարան), երկրորդ տեղը գրավեց Մենուհի Հովսեփյանը (դոցենտ Լիանա Գասպարյանի դասարան), իսկ երրորդ մրցանակը ժյուրին շնորհեց Հռիփսիմե Աղաքարյանին (պրոֆեսոր Սենորա Գյուլբուդաղյանի դասարան): Առաջին մրցանակ որեւէ մեկին չտրվեց:
Մրցութային օրերին հանդիսատեսը, այդ թվում՝ նաեւ ժյուրին, ունկնդիրը եղան Հայաստանում ընդհանրապես կամ հազվադեպ հնչող ստեղծագործությունների: Օրինակ՝ գլխավոր մրցանակակիր Արտյոմ Աբրահամյանը երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Սիրանույշ Գասպարյանի հետ կատարեցին Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի ավարտի պատկերը: Երաժշտասեր հանրությունը այս գործի ունկնդիրը կարող է դառնալ միայն CD-ների եւ youtube-ի միջոցով: Արտյոմը Ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար Անի Ղազարյանի հետ մատուցեց նաեւ մեզանում հազվադեպ կատարվող Շիմանովսկու «Միֆերը»:
Կարդացեք նաև
«Առավոտի» ռեպլիկին՝ փաստորեն 13 թիվը հաջողակ է իր համար (դաշնակահարը վիճակահանությամբ հանել էր 13 թիվը), Արտյոմը կատակեց՝ ասելով, թե իր բնակարանի համարն էլ է 13: Հարցին էլ, թե հաղթանակից հետո, ուսմանը զուգահեռ, կմասնակցի՞ այլ մրցույթների ու միջոցառումների, մեր զրուցակիցը հակիրճ պատասխանեց. «Կմասնակցեմ մրցույթների, եթե հնարավոր լինի՝ արտերկրում վարպետության դասերի»:
Նշենք, որ Արտյոմ Աբրահամյանը սովորում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլի Սարգսյանի մասնագիտական դասարանում: Երիտասարդ դաշնակահարը անցյալ տարի Գյումրիում անցկացված «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնում արժանացել է 2-րդ մրցանակի:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ