Լրահոս
Օրվա լրահոսը

Մի բիծ մաքրելու ակնկալիքով

Մարտ 31,2012 13:58

Արցախյան պատերազմի մասնակից Վահան Հարությունյանի հայրը՝ Ռազմիկ Հարությունյանը, ծնված օրից՝ 1951 թվականից բնակվել է Անտառային փողոցի թիվ 118/2 տանը, հիմնել այգի: 1998թ. Ռ. Հարությունյանը դիմել է համապատասխան մարմիններին՝ տունը եւ այգին սեփականացնելու պահանջով, կազմվել է տան եւ այգու հատակագիծը, սակայն դրանից հետո սեփականաշնորհման գործընթացը կասեցվել է: 2003-ին կրկին դիմել է անշարժ գույքի կադաստրի Կենտրոն ստորաբաժանմանը եւ կրկին մերժում ստացել՝ «քանի որ մինչեւ 2001թ. մայիսի 15-ը հաշվառված չի եղել, գործին ընթացք տալ չեն կարող» պատճառաբանությամբ: Իսկ 2006 թվականին ԴԱՀԿ ծառայությունից Հարությունյանները տեղեկացել են, որ իրենց 25 տարվա այգին Արայիկ Ստեփանյանի սեփականությունն է:

2006-ից մինչ օրս Հարությունյանները անցել են բոլոր ատյանների դատարաններով, դիմել արդարադատության բոլոր մարմիններին, ՀՀ նախագահին, սակայն հարցը լուծում չի ստացել: Ի դեպ, 2010թ. Ռազմիկ Հարությունյանը մահացել է, եւ հոր մահվան պատճառն էլ Վահան Հարությունյանը համարում է «4 տարվա կեղծ դատավարությունները, անօրեն դատարաններն ու սրիկա Արայիկ Ստեփանյանին»:

Վահան Հարությունյանը որպես կողմ մասնակցել է բոլոր դատավարություններին եւ դատարաններում եղած գործերը ուսումնասիրելով՝ հայտնաբերել Ա. Ստեփանյանին չպատկանող իրենց այգու եւ գործող ընդհանուր օգտագործման ճանապարհը սեփականացնելու համար հիմք ծառայած բոլոր կեղծ փաստաթղթերը, որոնցից առաջնայինը, որով հիմք է դրվել կեղծարարությանը, Կենտրոնի թաղապետարանի թիվ 23/35-110/440 կեղծ տեղեկանքն է (տրված՝ 14.01.

2003թ.): Ըստ այդ տեղեկանքի, Երեւանի Անտառային փողոցի թիվ 126 հասցեում գտնվող 1500 քմ մակերեսով հողամասը իբր Արայիկ Ստեփանյանը օգտագործել է տասը եւ ավելի տարիներ, իսկ այդ կեղծ տեղեկանքի հիման վրա էլ քաղաքապետարանն իր թիվ 400Ա որոշմամբ այդ հողատարածքը հատկացրել է Ա. Ստեփանյանին:

Իրականում Ա. Ստեփանյանը այդ հողատարածքի հետ ոչ մի կապ չի ունեցել: Այս հողամասից վիճելի 250 քմ-ն Ռազմիկ Հարությունյանի ընտանիքը դեռ 1986-ից վերածել էր այգու եւ մինչ օրս բարեխիղճ, բացահայտ եւ անընդմեջ օգտագործում է այն: Այս հանգամանքը հիմնավորվել է ե՛ւ գործի նյութերով, ե՛ւ Արայիկ Ստեփանյանի ցուցմունքներով:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ քրեական գործի նախաքննությամբ բազմաթիվ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 1500քմ հողատարածքը, այդ թվում Ռազմիկ Հարությունյանի կողմից օգտագործվող 250 քմ տարածքը 2003թ. դրությամբ Ա. Ստեփանյանի կողմից տասը եւ ավելի տարի օգտագործվել չէր կարող: Այդ փաստը հաստատվել էր Կենտրոն թաղապետարանի թիվ 18 տեղամասի լիազոր ներկայացուցչի 2007թ. թիվ 60 տեղեկանքով, հողամասի հարեւանությամբ բնակվող տասը անձանց կողմից ստորագրված հայտարարագրով, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2007թ. թիվ 07-1601 վճռով: Ա. Ստեփանյանն էլ իր բացատրություններում եւ ցուցմունքներում հայտնել էր, որ տվյալ հասցեում առաջին անգամ 500 քմ հողամաս է ձեռք բերել 1995-ին, իսկ դրան կից հողամասը ձեռք բերելու համար դիմել է 2003-ին, ինչպես նաեւ հավաստել, որ Ռազմիկ Հարությունյանի կողմից օգտագործվող, ծառապատված տարածքը դուրս է իր կողմից գնված 1500 քմ հողամասից:

Դատարանի որոշմամբ հաստատվել է, որ Կենտրոն թաղապետարանի տեղեկանքը կեղծ է, դատարանը վերացրել է քննիչի որոշումը, հետ ուղարկել նույն ստորաբաժանում, իսկ ոստիկանության Կենտրոնի բաժնում, հաշվի չառնելով դատարանի որոշումը, կայացնում են իրենց հարմար որոշում: Տարօրինակ է, բայց քննիչը գտել է, որ դատարանը սխալ է, իսկ հաջորդ դատարանը քննիչի որոշումը հիմնավորված է համարել: Եվ սրանք այս գործում միակ անօրինականությունները չեն:

Ոստիկանություն-դատարաններ երկար քաշքշուկից հետո Վահան Հարությունյանը դիմել է ՀՀ նախագահին, սակայն դրանք ուղարկվել են արդարադատության նախարարություն, որտեղից պատասխանել են, թե իրենք իրավասություն չունեն խնդրին լուծում տալու: Վահան Հարությունյանը, բնականաբար, հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ են իր դիմումները նախագահականից վերահասցեագրվում ԱՆ, եթե վերջինս իրավասու չէ զբաղվել այդ հարցով, մի՞թե նախագահի աշխատակազմում չգիտեն դրա մասին:

Վահան Հարությունյանը դիմել է Եվրադատարան, ինչպես ինքն է ասում՝ «հույսով՝ այնտեղ գտնել արդարություն», սակայն մեծարգո նախագահից խնդրում է պատասխանել միայն մեկ հարցի՝ «արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չէ գոնե մի բիծ մաքրել Եվրոպայի աչքերից»:

Ա. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031