ՀԷՑ ՓԲԸ «Հարավ» մասնաճյուղը բնակիչներին չի փոխհատուցում հոսանքի տատանման պատճառով շարքից դուրս եկած տեխնիկայի համար:
14 հարկանի շենքի վերջին երկու հարկերում մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հոսանքի տատանման պատճառով բնակիչների կենցաղային էլեկտրական սարքավորումները շարքից դուրս են գալիս: Էլեկտրական ցանցերի տեղամասային բաժանմունքը հրաժարվում է ընդունել իր մեղքը եւ չի արձանագրում, որ տեղի է ունեցել հոսանքի տատանում: Ավելին՝ իրենց կարճ խելքով փորձում են յուրաքանչյուր բնակարանի բնակչի համոզել, որ հենց տվյալ բնակարանում առանձին-առանձին եւ նույն պահին է եղել խափանման պատճառը:
2011-ի մարտին տեղի ունեցած դեպքից հետո բնակիչներն իրենց միջոցներով վերանորոգեցին իրենց տան սարքավորումները, ցուրտ եղանակին ստիպված լինելով ջեռուցման հարցն արագ լուծել՝ քաջ գիտակցելով, որ կատարվածն ընկերության աշխատակիցների թերացման արդյունք էր: Բանն այն է, որ ՓԲԸ «Հարավ» մասնաճյուղը բնակչի դիմումը քննում էր միայն այն դեպքում, երբ տեղամասից տեղեկանք էին տալիս, որ տեղի է ունեցել հոսանքի տատանում: Տեղամասը, բնականաբար, նման տեղեկանք չէր տալիս եւ օղակը փակվում էր:
Այս տարի նույն ամսի 23-ին, գիշերը ժամը 2-ին, տեղի է ունեցել նույն վթարը: Բնակիչներն այս դեպքում որոշել են գնալ մինչեւ վերջ եւ սկզբի համար կրկին դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Հարավ» մասնաճյուղ: Այստեղ ընդունելով համապատասխան դիմումը՝ ասել են, որ կարգը փոխվել է, եւ իրենց աշխատակիցները երկու օրվա ընթացքում կպատասխանեն բնակիչներին: Քաղաքացու ներկայացրած դիմումից երեւում էր, որ շարքից դուրս է եկել ջեռուցման լոկալ համակարգը, եւ բավականին ցուրտ եղանակը հաշվի առնելով՝ ընկերության աշխատակիցները պետք է գոնե սահմանված ժամկետում պատասխանեին: Բայց 4 աշխատանքային օրերից հետո էլ մասնաճյուղի աշխատակիցները չեն կատարել իրենց պարտականությունը, իսկ ՀԷՑ ՓԲԸ «Հարավ» մասնաճյուղի հեռախոսահամարին եւ պետի ընդունարանի հեռախոսահամարին արվող զանգերին օրերով չեն պատասխանում: Նամակագրիս ամուսինը ստիպված է եղել իր աշխատանքային ժամի հաշվին նորից այցելել ՀԷՑ ՓԲԸ «Հարավ» մասնաճյուղ, որտեղ կրկին ստացել է նույն մերժողական պատասխանը, թե տեղամասում հոսանքի տատանում չեն արձանագրել: Համաձայն բնակչի հետ կնքած պայմանագրի՝ բնակարանից դուրս գտնվող էլեկտրական սարքավորումների անխափան աշխատանքի պատասխանատուները էլցանցերի մասնագետներն են, բայց նրանց անպատասխանատու աշխատանքի արդյունքում բնակչությանը վնաս պատճառելը տարիներով անպատիժ է մնում: Իսկ հարցը, թե ով պետք է հետեւի բնակչության սպասարկման հետ առնչվող այս ընկերության աշխատանքներին, մնում է բաց:
Կարդացեք նաև
ԼԻԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Էրեբունի 21, բն. 47-ի բնակիչ
Բնակչի բողոքի առնչությամբ «Հայէլցանցերից» «Առավոտին» հայտնեցին, որ նշյալ օրը նշյալ ժամին իրենց մոտ ոչ մի տատանում չի արձանագրվել:
«Առավոտ» օրաթերթ