Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող երեխային ինչպես հեռացրել էին դպրոցից, այնպես էլ հետ կընդունեն

Մարտ 31,2012 13:53

Հասարակական կազմակերպությունների պայքարից հետո դպրոցի տնօրենն այլընտրանք չունի

Արտյոմ Սերոբյանը հ/կ-ների պայքարից հետո իր նախկին դպրոցը կայցելի:

15-ամյա Արտյոմ Սերոբյանը տեղաշարժման խնդիրներ ունի եւ մոտ 4 տարի առաջ դադարել է գնալ Կոտայքի մարզի Արամուս գյուղի միակ դպրոցը: Բանն այն է, որ Արամուսի դպրոցի տնօրեն Սուրեն Զոհրաբյանը աշակերտների դասասենյակը առաջին հարկից տեղափոխել է 3-րդ հարկ՝ հաշվի չառնելով, որ դասարանում հաշմանդամություն ունեցող աշակերտ կա: Արտյոմի ծնողների բազմաթիվ խնդրանքներին՝ դասասենյակը չտեղափոխել բարձր հարկ, որպեսզի երեխան իր դասընկերներից չկտրվի ու կարողանա հաճախել դպրոց, տնօրենը չի ընդառաջել: Արտյոմի մոր՝ Լարիսա Միքայելյանի պատմելով՝ ստիպված երեխային տեղափոխել են Երեւան քաղաքի հատուկ դպրոց. «Արտյոմն այդ հատուկ դպրոցում ավելի ընկճված էր ու ոչ մի կերպ չէր համակերպվում, որ հարազատ դպրոց այլեւս չի կարող այցելել: Շուրջը պարբերաբար հաշմանդամ երեխաներ տեսնելով՝ նա իրեն ավելի վատ էր զգում: Իսկ Արամուսի դպրոցում, շփվելով առողջ երեխաների հետ ու բազմաթիվ ընկերներ ունենալով, Արտյոմն ավելի ինքնավստահ էր ու աշխույժ: Բանը հասավ նրան, որ Արտյոմը հրաժարվեց հատուկ դպրոցում մնալ, մենք ստիպված նրան տանում էինք, հանձնարարությունը ստանում էր ու գալիս՝ տանն էր պատրաստում դասերը: Դրա հետեւանքով նույնիսկ Արտյոմի առաջադիմությունը տուժեց»:

Երեկ, ի պաշտպանություն Արտյոմ Սերոբյանի, մի խումբ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ այցելել էին Արամուսի դպրոց՝ տնօրենի հետ հանդիպելու: Նրանք գտնում էին, որ խախտվել է հաշմանդամ երեխայի՝ կրթություն ստանալու իրավունքը: Հանդիպմանը ներկա էր նաեւ «Առավոտը»: Հ/կ-ների ղեկավարները տնօրենին մատնանշելով Արտյոմի իրավունքները՝ երեխային դպրոց վերադարձնելու միջնորդություն արեցին: Սակայն տնօրենն էլ իր հերթին փորձեց արդարացնել Արտյոմին դպրոցից հեռացնելու իր քայլը. «Ես ի՞նչ մեղք ունեմ: Իրենք են իրենց երեխային հանել դպրոցից: Տարան հատուկ դպրոց, տեսան, որ էնտեղ իրենց ավելի ձեռնտու է, հատուկ մասնագետ-ուսուցիչներ կան, ինքն իր համաձայնությամբ է տարել»: Մասնագետ-ուսուցիչ արտահայտությանն անմիջապես արձագանքեց «Հույսի կամուրջ» հ/կ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը. «Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչ ավարտում են եւ ստանում են մանկավարժի որակավորում: Ի՞նչ ասել է մասնագետ-ուսուցիչ»: Այս հարցին էլ տնօրենը պատասխանեց. «Երեխան առանձնահատուկ պայմանների կարիք է ուզում: Երեխան բնության բերումով այդ վիճակում է, հատուկ մանկավարժ է պետք, որ զբաղվի էդ երեխայով: Դասարանում 25 աշակերտ կա, ուսուցիչը ինչքա՞ն պիտի կարողանար հասցնել»:

Տիկին Թադեւոսյանն էլ փորձեց տնօրենին «լուսավորել» եւ բացատրել, որ ՀՀ-ում հանրակրթական չափորոշիչներ իրականացնելու պատասխանատուն մանկավարժն է, երեխայի ուսուցիչը:

Նկատենք, որ այս հանդիպումից պարզ դարձավ, որ չնայած արդեն մի քանի տարի է՝ ամբողջ հանրապետությունով մեկ ներդրվել է ներառական կրթությունը, եւ բավականին մեծ գումարներ են ծախսվում այդ ուղղությամբ, սակայն շատ մանկավարժներ դեռեւս պատրաստ չեն հաշմանդամություն ունեցող աշակերտի հետ աշխատել: Տնօրենի խոսքերով՝ «Ես էդ երեխայի համար դասատուների հետ 4 տարի թշնամի եմ եղել»: Ճշտող հարցին՝ արդյոք մանկավարժները հրաժարվո՞ւմ էին դասավանդել Արտյոմին, տնօրենը պարզաբանեց, որ կտրականապես չէին հրաժարվում, այլ դժվարությամբ էին աշխատում:

Զրույցի ընթացքում դպրոցի տնօրենը նույնիսկ մի փոքր վրդովմունք արտահայտեց ոլորտի պատասխանատուների հասցեին «Ասում են՝ ներառական կրթություն, բա թող պայմաններ ստեղծեն, թող զուգարանը հարմարեցնեն ու կարգի բերեն, կամ էլ գումար հատկացնեն՝ մենք անենք»:

«Առավոտը» հանդիպեց նաեւ Արտյոմի նախկին ուսուցչի եւ համադասարանցիների հետ: Մեզ հետ զրույցում նրա ընկերները բավականին դրական արտահայտվեցին Արտյոմի մասին, նույնիսկ կարոտել էին իրենց ընկերոջը: Մեր հարցին, թե Արտյոմը երբեւէ դժվարություն կամ անհանգստություն առաջացրե՞լ է համադասարանցիների համար, նրանք այսպես արձագանքեցին. «Ո՛չ, մենք միշտ էլ լավ շփվել ենք, միշտ իրար հետ խաղացել ենք»: Համադասարանցիներից մեկն էլ խոստովանեց, որ Արտյոմի հետ մտերմություն է անում, որովհետեւ նա շատ բարի է:

Արտյոմի նախկին ուսուցչին էլ ներկայացրինք տնօրենի այն դիտարկումը, որ որոշ մանկավարժներ դժվարությամբ են աշխատել Արտյոմի հետ: Մանկավարժը խոստովանեց, որ ճիշտ է՝ Արտյոմի հետ մի քիչ բարդ է, բայց ինքն անձամբ երբեք չի անտեսել երեխային:

Ի վերջո հասարակական կազմակերպություններն ու դպրոցի տնօրենը եկան համաձայնության՝ ծնողների դիմումը ներկայացնելուց հետո Արտյոմը կվերադառնա իր հայրենի գյուղի հայրենի դպրոցը: Հ/կ-ների ղեկավարները խոստացան այդ դպրոցի մանկավարժների հետ սեմինարներ անցկացնել՝ կրթել եւ նախապատրաստել, այսպես ասած՝ ներառական ուսուցմանը:

Երբ այցելեցինք Արտյոմին, որպեսզի նրա՝ դպրոց վերադառնալու լուրն ասենք, նա համակարգչային ինչ-որ խաղով էր զբաղված: Շատ ուրախացավ, երբ իմացավ, որ կարող է հաճախել իր ուզած դպրոցը, ու մեզ հետ զրույցում թեեւ վստահեցրեց, որ դեռ չի որոշել՝ ինչ մասնագետ է դառնալու, բայց խոստացավ լավ սովորել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031