Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետական պատգամավոր. «Օսկանյանը վարկաբեկում է ԲՀԿ-ին»

Մարտ 31,2012 13:51

«Ես չեմ կարծում, որ սա նաեւ ԲՀԿ-ի տեսակետն է, այն պատճառով, որ անցած տարիների ընթացքում ԲՀԿ-ն երբեւէ չի դրսեւորել այդպիսի դիրքորոշում: Եթե այդպիսի դիրքորոշում լիներ, կուսակցությունը, բնականաբար, չէր մնա կոալիցիայի մեջ: Մենք շատ լավ համագործակցել ենք եւ կիսում ենք եւ հաջողությունների, եւ անհաջողությունների պատասխանատվությունը»,- Aravot.am-ին ասաց հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը` անրադառանալով «Ազատություն» ռադիոկայանի եթերում նախկին արտգործնախարար, ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանի հայտարարություններին: Հիշեցնենք, որ վերջինս ասել էր թե նախորդ չորս տարիներին իշխող քաղաքական կոալիցիան ձեւական է եղել, եւ Հանրապետականն էլ արել է այն ինչ ցանկացել է, ուստի երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատասխանատվությունն ամբողջությամբ Հանրապետականի վրա է: Գագիկ Մինասյանը հակված է կարծել, որ դա Օսկանյանի անձնական կարծիքն է, որը ինքը չի մեկնաբանում: «Ես համոզված եմ նաեւ, որ ԲՀԿ-ն այսօր եւս, ինչպես տարիների ընթացքում, չունի խնդրին այնպիսի մոտեցում, ինչպիսին դրսեւորել է պարոն Օսկանյանն, այն պարզ պատճառով, որ եթե ունենար այդպիսի դիրքորոշում, այսօր դուրս կգար կոալիցիայից»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ իր համոզմամբ` «Օսկանյանի գնահատականները ընդամենը նպատակ են հետապնդում վարկաբեկել ԲՀԿ-ին` մեղադրելով նրանում, որ կուսակցությունը պատեհապաշտությամբ է զբաղվել: Դա անշնորհակալ արարք է ԲՀԿ-ի նկատմամբ»:

Aravot.am-ի հաջորդ հարցին` Վարդան Օսկանյանը հատուկ ներդրվա՞  ծ է ԲՀԿ-ում, ԲՀԿ-ն վարկաբեկելու համար, Գագիկ Մինասյանն ասաց, որ այդ հարցի վերաբերյալ որեւէ տեսակետ չունի: Մեր զրուցակիցը նաեւ հրաժարվեց մեկնաբանել ԲՀԿ համամասնական ցուցակի 19-րդ հորիզոնականը զբաղեցնող Վահան Բաբայանի` մամուլի ակումբներից մեկում այսօր արած այն հայտարարությունը, որ կոալիցիան, ըստ էության, այլեւս գոյություն չունի` պատճառաբանելով, որ տեղյակ չէ այդ հայտարարությանը:

Նելլի Գրիգորյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031