Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» հայտարարությանն իրավապահները չեն արձագանքում

Մարտ 31,2012 13:37

 «Լիսկա՞ն» է օրենքից դուրս, թե՞ պատգամավորին հայհոյելն է օրենքի շրջանակներում

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր. «Երեկ (մարտի 29-ին- խմբ.) երեկոյան տեղեկացանք, որ Սյունիքի մարզում «Ժառանգության» նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ «Ժառանգության» Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջեւ Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել:

Այսպես, Գորիսում քաղաքացիները, ովքեր «Ժառանգության» շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել, իշխանական ինչ-ինչ ճնշումներից հետո խնդրել են վերադարձնել իրենց տարածքի բանալիները եւ հանել շտաբի վրա փակցված «Ժառանգության» լոգոնշանը:

Ակնհայտ է, որ բացի իշխանությունների միջամտությունից՝ նշված քաղաքացիները որեւէ այլ պատճառ՝ տարածքի տրամադրումից հրաժարվելու համար, չէին կարող ունենալ: Զարուհի Փոստանջյանը պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել է Սյունիքի մարզպետ, ՀՀԿ ցուցակի անդամ Սուրեն Խաչատրյանին, որը, սակայն, պարզաբանումների փոխարեն հայհոյախառն արտահայտություններ է արել ԱԺ պատգամավորի հասցեին:

«Ժառանգությունը» խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետի պահվածքը, ինչպես նաեւ ԿԸՀ եւ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում վերը նշված փաստի վրա եւ պահանջում ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար նախընտրական մրցակցային հավասար պայմաններ»:

«Առավոտի» հետ զրույցում երեկ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական նախընտրական շտաբի պետի տեղակալ Գեւորգ Կալենչյանը հարցին, թե՝ բացի Գորիսում տեղի ունեցած միջադեպից, այլ համայնքներում նման խոչընդոտներ եղե՞լ են, պատասխանեց. «Հենց սկզբից, երբ ուզում էինք նախընտրական շտաբ բացել, մի թեթեւ խոչընդոտ եղավ Երեւանում, բայց դա արագ կանխվեց, եւ դրա մասին էլ չարժե խոսել: Բացի Գորիսում Փոստանջյանի հետ կապված դեպքից՝ ուրիշ որեւէ այլ խնդիր չենք ունեցել եւ հույս ունենք՝ չենք էլ ունենա»:

Գեւորգ Կալենչյանն ասաց նաեւ, թե իրավապահների կողմից «Ժառանգության» այս ահազանգին արձագանքելու վերաբերյալ որեւէ տեղեկություն ինքը չունի:

Մենք ինքներս որոշեցինք գնալ այս ահազանգի հետքերով: ՀՀ ոստիկանությունում մեր հարցադրմանն ի պատասխան՝ ասացին, թե միջադեպը տեղի է ունեցել երկու պաշտոնատար անձանց՝ մարզպետի եւ ԱԺ պատգամավորի միջեւ, ուստի դրանով պետք է զբաղվի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Ինչ վերաբերում է նախընտրական շտաբ բացելուն խոչընդոտելուն, ապա իրենք դրա վերաբերյալ հայտարարություն չեն ստացել: Գրեթե նույն պատասխանը տվեցին նաեւ ՀՔԾ-ում, որի մամուլի խոսնակն «Առավոտին» փոխանցեց, թե ՀՔԾ-ին այդ առնչությամբ չեն դիմել, հայտարարություն չի ստացվել, եւ այդ առնչությամբ ոչ նյութեր են նախապատրաստվում եւ ոչ էլ, առավել եւս, քրգործ է հարուցվել:

Պատեհ առիթից օգտվելով՝ «Ժառանգության» նախընտրական շտաբի ներկայացուցիչ Կալենչյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե քանի՞ նախընտրական շտաբ են նախատեսել ունենալ: «Երեւի ամսի 8-ից Հայաստանի ողջ տարածքում նախընտրական գրասենյակներ կունենանք, այդ թվում՝ մարզերում մոտ 40-ը, նաեւ Երեւանի բոլոր համայնքներում»:

Կալենչյանն ասաց, թե նախընտրական գրասենյակների աշխատանքներում ներգրավվածների թվաքանակի վերաբերյալ վիճակագրություն չունեն, բայց «մեզ մոտ ամեն մի գրասենյակում, որը նաեւ կկատարի շտաբի գործառույթները, կունենանք գոնե մեկ՝ գրասենյակում մշտապես գտնվող գործավար, իսկ մնացածը՝ տեսնենք, կախված է այն բանից, թե ժողովուրդն ինչ մասնակցություն կունենա»: «Ժառանգությունը», նրա ներկայացուցչի ասելով, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ ապավինելու է նաեւ կամավորներին, քանի որ «մեր կուսակցությունը միշտ աշխատել է հիմնականում կամավորների հետ: Մենք փորձելու ենք մեր ողջ ռեսուրսը՝ կուսակցությունների ու նաեւ հասարակական սեկտորի, առավելագույնս օգտագործել»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031